Հայ մանկավարժների սեպտեմբերյան միակ այցը Թբիլիսի, վրացի գործընկերների հետ միակ համատեղ որոշումը բավական եղավ, որպեսզի ամենամոտ հարևանների մտերմանալու երկկողմանի ցանկությունը մոտ լինի իրականացմանը: Թբիլիսիի վալդորֆյան դպրոցի 10-րդ դասարանցիները դառնալու էին մեր 11-րդ դասարանցիների՝ այսինքն Երևանի վալդորֆյան ամբողջ դպրոցի հյուրը: Ինչպես ընդունված է ասել՝ բարի գալուստ:
Հոկտեմբերը, սակայն, սարերի ետևում չէր, ծրագիրը մշակելու, նախապատրաստելու ու համաձայնեցնելու համար այնքան էլ շատ ժամանակ չէր մնում: Դպրոցի նախաձեռնող խումբը կարճ ժամանակում համախմբվեց ու հաղթահարելով պասիվ հայեցողականության հակումը, իրեն ոչ բնորոշ փութկոտությամբ գործի անցավ:
Վերջապես հասավ հանդիսավոր օրը: Հոկտեմբերի 30-ին, Բագրատաշեն գյուղի մատույցներում հայկական կողմի 2 մանկավարժներ ու 4 աշակերտներ մի ամբողջ դասարան դիմավորեցին, որին ուղեկցում էին 2 ուսուցիչներ, ծնող և 2 վարորդ:
Բնությունը վատ եղանակ չունի, բայց Սևանի ու Դիլիջանի ձյունը, սառնամանիքը, մառախուղը արեցին իրենց «սև գործը»: Այդ պատճառով էլ զբոսապտույտը Դիլիջանով Սևան չկայացավ: Ճանապարհը մեզ տարավ Լոռի: Մենք, շրջանցելով սողանքի խորխորատը, հայտնվեցինք Հաղպատում, այցելեցինք վանական համալիրը, ուղիղ Լոռվա կիրճին նայող գյուղական տան պատշգամբում թեյ խմեցինք: Այնուհետև, առանց կանգառների, ուղևորվեցինք Երևան:
Այդ ժամանակ, Երևանում, մեր 11-րդ դասարանցիները սպասում էին հյուրերին: Բուֆետում համեղ կերակուր էր պատրաստվում, որն ավանդաբար անհամեմատ շատ էր, քան կարող էին ընդունել բոլոր ժամանողների չափազանց քաղցածացած ստամոքսները:
Վրաստանի դպրոցականները ամբողջ 6 օր պիտի անցկացնեին Հայաստանում: Ծրագրով նախատեսնված էին համատեղ պարապմունքներ դպրոցում (առանձնակի հաջողություն ունեցան հոգեբանության փորձարարկան դասերը), նախագծերի մշակում, ծանոթացում Հայաստանին: Երեխաները պիտի ապրեին ընտանիքներում՝ շնորհակալություն մեր ծնողներին:
Վրացի դպրոցականների այցելությունը նշանավորվեց մի շարք հետաքրքիր իրադարձություններով, որոնցից մեկը բասկետբոլի խաղն էր: Պարզվեց՝ վրացական թիմը վատ չի խաղում: Ցուցադրելով տեխնիկապես հագեցած ու փոխհամաձայնեցված խաղ, որը զարմացրեց նորվեգացիներին հաղթելուց հետո ավելորդ ինքնավստահությամբ համակված հայկական թիմին, վրացի դպրոցականները արագ առաջ նետվեցին ու, չնայած հայկական թիմի մրցակցությունը հավասարեցնելու բոլոր փորձերին, խաղը հաղթական ավարտին հասցրին: Այնուամենայնիվ, մեր թիմը ուժեղ մրցակցի հետ խաղում բեկում մտցնելու ձգտումը մինչև վերջ պահպանեց:
Խոհարարական հանելուկախաղին հիմնականում մասնակցում էին աղջիկները: Մեր 11-րդ դասարանի թիմը հանդես եկավ համախմբված ու վրացիներին, որոնք հայտնի են իրենց նրբաքիմք կերակրատեսակներով ու խոհարարական յուրահատկություններով, իսկական ճակատամարտ տվեց:
Այնումենայնիվ, չնայած հավասար արդյունքին, մրցակցության, համերաշխության ու բարեկամության ոգին առաջին անգամ հենց խոհարարական հանելուկախաղի ժամանակ իրեն զգացնել տվեց:



Առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանին նվիրված երեկոն, որն սկսվեց մեր 8-րդ դասարանցիների կրկեսային գեղեցիկ կատարումներով: Տոնական տրամադրությունը շարունակեցին հյուրերը՝ դահլիճը ողողեցին վրացական բազմաձայն երգի մեղեդիները: Մանկական երգերին մերթընդմերթ հաջորդում էին կովկասյան վառ ու վարակող պարերը: Վրացական պարերից իր թափով ու վեհությամբ տպավորեց մարտական պարը, որը վաղնջական ժամանակներում ռազմիկները կատարել են ճակատամարտից առաջ:
Թբիլիսիի մեր գործընկերների՝ վրացական «Խորումին» ու հայկական «Քոչարին» մեկ միասնական պարով ներկայացնելու հիանալի գաղափարը, ամենայն հավանականությամբ, ժամանակի սղության պատճառով չիրականացավ, ու մեր 11-րդ դասարանցիները իրենց վրացի հասակակիցներին աջակցեցին հայկական ժողովրդական «Քոչարի», «Ծաղկաձոր», «Թամզարա» պարերով:
Հյուրընկալության 6 օրերի ընթացքում երկու զբոսապտույտներ կազմակերպվեցին՝ նախ Էջմիածին, ապա Գառնի ու Գեղարդ: Հյուրերը եղան նաև Պատմական թանգարանում, Մատենադարանում, Փարաջանովի տուն-թանգարանում:
Ստեղծագործական նախագծերի սկիզբ հանդիսացավ «Internews» կազմակերպության գրասենյակում կազմակերպված՝ «Ինչպե՞ս շարժանկար նկարահանել» թեմայով workshop-ը: Զուգահեռաբար լուսանկարչական նախագծի workshop կայացավ: Մոտ ապագայում մենք կիմանանք նախագծերի ավարտի մասին:
Հրաժեշտը ոչ ձևական, հուզիչ էր: Առաջիկայում, սակայն, պատասխան փոխայցն է: Շփումները կշարունակվեն: Անհրաժեշտ է լավ նախապատրաստվել գարնանը: Տեսնենք ի՞նչ ծրագիր են մշակելու մեր վրացի գործընկերները:






















