Վալդորֆյան մանկավարժությունը աշխարհում

Comments: No Comments

Տարածվածությունը

Ներկայումս (2010 թ., ամառ), երբ վալդորֆյան դպրոցների թիվն աշխարհում անցել է 1000-ից (1015), կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ վալդորֆյան շարժումը այլընտրանքային միջնակարգ կրթության ասպարեզում գրավում է առաջնակարգ դիրք: Վալդորֆյան դպրոցներն առաձնապես տարածված են Եվրոպայի գերմանալեզու երկրներում և, իհարկե, առաջին հերթին Գերմանիայում (214 դպրոց), Հոլանդիայում (92), Շվեդիայում (41),  Նորվեգիայում (35), Շվեյցարիայում (35), Մեծ Բրիտանիայում (32՝ ներառյալ Շոտլանդիան, Վալեսը և Հյուսիսային Իռլանդիան) ու Դանիայում (16): Ոչ մեծ ու բազմալեզու Բելգիայում նման դպրոցների թիվը հասնում է 22-ի: Վալդորֆյան դպրոցները համեմատաբար փոքր թիվ են կազմում ռոմանական և կաթոլիկական ազդեցիկ ավանդույթներ ունեցող երկրներում, ինչպես օրինակ Ավստրիայում՝ 15, Ֆրանսիայում՝ ընդամենը 11, Իսպանիայում՝ 7, իսկ սլավոնական Լեհաստանում՝ 5: Տարօրինակ բացառություն է կազմում Իտալիան, որտեղ ներկայումս գործում են 35 վալդորֆյան դպրոցներ:

Անհավատալի է թվում, բայց վալդորֆյան շարժումը նվաճում է Հյուսիսային Ամերիկան: Այսպես, Կանադայում գործում են 21, իսկ ԱՄՆ-ում արդեն՝ 130 վալդորֆյան դպրոցներ: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, որտեղ, ճիշտ է, վալդորֆյան շարժումը սկսեց տարածվել ԽՍՀՄ-ի  փլուզումից հետո, առայժմ ընդամենը 20 վալդորֆյան դպրոց  կա: Վարշավյան դաշինքի պառակտումից հետո վալդորֆյան շարժումը անցավ նաև Արևելյան Եվրոպա, որտեղ աստիճանաբար  ծավալվում է: Այսպես՝ Ռումինիայում ու Չեխիայում նրանց թիվն արդեն հասնում է 13-ի, Հունգարիայում՝ նույնիսկ 25-ի, իսկ Ուկրաինայում՝ առայժմ ընդամենը 5-ի:

Չնայած քրիստոնեական արմատներին՝ վալդորֆյան դպրոցներն ամրապնդվել են նույնիսկ Իսրայելում, որտեղ արդեն 7-ն են, ինչպես նաև Ասիայի մյուս ծայրում՝ Ճապոնիայում (նույնպես 7-ն են):

Վալդորֆյան շարժումը հասել է այնպիսի տարաշխարհիկ երկրներ, ինչպիսիք են Նեպալը (2 դպրոց), Նիգերիան (1): Աֆրիկայում անառարկելի առաջատարը ՀԱՀ-ն է, որտեղ հաշվվում է 17 դպրոց, իսկ Հարավային Ամերիկայում 32 դպրոցներով ախոյան է հանդիսանում Բրազիլիան: Մեկ դպրոց ավելի  ունի Ավստրալիան՝ 33: Նույնիսկ չափավոր իսլամական երկրները բացառություն չեն. Եգիպտոսում 1 դպրոց կա:

Ավելի ճշգրիտ տպավորություն ստեղծելու համար մենք ընտրել ենք մի քանի, ըստ մեզ, հետաքրքիր ու տարաբնույթ դպրոցներ, որոնք և ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը.

http://www.waldorfschule-muenster.de/

http://www.waldorfschule-essen.de/

http://www.uppsalawaldorfskola.nu/

http://www.ecolesteiner-geneve.ch/

http://www.escolawaldorf.org/

http://www.ziwspb.ru/

http://www.waikatowaldorf.school.nz/

Կարգավիճակը

Վալդորֆյան դպրոցների կարգավիճակը տարբեր երկրներում տարբեր է: Եթե, օրինակ, Նորվեգիայում մասնավոր սեկտորի բացակայության պատճառով բոլոր վալդորֆյան դպրոցները պետական են ու չնայած մեթոդական ու ծրագրային նշանակալի տարբերություններին՝ փաստորեն պետական խնամակալության ներքո են, ապա իրենց բուն երկրում՝ Գերմանիայում, մասնավոր կարգավիճակ ունենալով հանդերձ, պետական նպաստ են ստանում՝ Գերմանիայի վալդորֆյան դպրոցների բյուջեի 2/3-ը պետ. բյուջեից են տրամադրվում:  ԱՄՆ-ում նույնպես վալդորֆյան դպրոցները մասնավոր կարգավիճակ  ունեն, բայց պետական լրավճարից զրկված են: Դրա համար ԱՄՆ-ում վալդորֆյան դպրոցները հասու են միայն բարեկեցիկ ընտանիքներին (մեկ երեխայի տարեկան վճարը կազմում է մոտ 12000-18000 $) ու կրում են ընտրախավային բնույթ:

Անկախ կարգավիճակից՝ վալդորֆյան բոլորը դպրոցները պետական արտոնագրեր ունեն, հիմնական դպրոցների ավարտական վկայականներն ու վկայագրերը ընդունվում են տվյալ երկրում:

Միջազգային կազմակերպությունները

Վալդորֆյան դպրոցները, հատկապես Եվրոպայում, սոցիալապես ակտիվ շարժում են ներկայացնում: Վալդորֆյան շարժման ներկայացուցիչները առանձնապես ակտիվ են Եվրոխորհրդարանում ու ամբողջ աշխարհում իրենց շահերի պաշտպանության հարցերում:

Der Haager Kreis – Հաագայի շրջան, 1970 թ.-ին Հաագայում հիմնել են  Էռնստ Վայսերտն ու Վիմ Կոյպերտը: Կորդինացնում է վալդորֆյան շարժումը Եվրոպայում:  Զբաղվում է դասավանդման ու փորձի փոխանակման հարցերով:

EFFE (effe) – European Forum for Freedom in EducationԿրթության համակարգի ազատության եվրոպական ֆորում – հիմնվել է 1990 թ.-ին բոլոր շատ թե քիչ խոշոր այլընտրանքային մանկավարժական ուղղությունների կողմից, որոնց թվում են  վալդորֆյան, Մոնտեսսորի, Ֆրենեի դպրոցները և այլն: Նպատակների ու գործունեության մասին տե’ս՝  http://www.effe-eu.org

Եվրոպական կրթական ոլորտի պաշտոնյաների գիտակցությանը անհրաժեշտ է անընդհատ հասցնել, որ գոյություն ունի մարդկային՝ մանկավարժների, ուսուցիչների, ծնողների, գիտնականների, հոգեբանների, պարզապես գիտակից քաղաքացիների մի ահռելի բանակ, որի համոզմամբ դպրոցները, մակավարժական կոլեկտիվներն ու ուսուցիչները կրթության ոլորտում պիտի ստեղծագործական մեծ ազատություն ունենան, իրենց գործունեությունում հնարավորին չափ քիչ սահմանափակվեն կրթական պաշտոնյաների ու վարչարարների անվերջանալի թղթատարությամբ ու տարբեր պահանջներով:

ESCWE – European Council of Steiner Waldorf Education – Ռուդոլֆ Շտայների վալդորֆյան մանկավարժության եվրոպական խորհուրդը ստեղծվել է 1991 թ.-ին Մեծ Բրիտանիայում (Քրիստոֆեր Կլաուդեր), որի անդամները վալդոֆյան դպրոցի 22 ազգային ընկերակցություններն են, ինչպես նաև այն երկրների դպրոցների ներկայացուցիչները, որտեղ գոնե 1 դպրոց կա: Այսպիսով՝ կազմակերպությանն անդամակցում են ավելի քան 650 եվրոպական վալդորֆյան դպրոցներ: Նպատակների ու գործունեության մասին տե’ս՝ http://www.ecswe.org

Փաստորեն կազմակերպությունն ստեղծված է EC-ում վալդորֆյան շարժման շահերը ներկայացնելու, վալդորֆյան մանկավարժության ընդհանրական սկզբունքները եվրոպական կառույցների գիտակցության մեջ որոշակի մակարդակի հասցնելու, ինչպես նաև WOW-Day, intertec բնույթի միջազգային մանկավարժական համագործակցության, դպրոցականների հանդիպումների և այլնի համար:

Die Freunde der Erziehungskunst Rudolf Steiners – Ռուդոլֆ Շտայների մանկավարժական արվեստի բարեկամների կազմակերպությունն ստեղծվել է 1971 թ.-ին (Էռնստ Վայսերտ) և 1977 թ.-ից հիմնականում աշխատում է վալդորֆյան դպրոցների շրջանավարտների հետ: Ունի հարուստ  հիմնադրամ, որի նպատակը Գերմանիայի սահմաններում, ինչպես նաև ամբողջ աշխարհում  վալդորֆյան շարժան աջակցությունն է, արտասահմանյան նախագծերի իրականացման օժանդակումը, միջնակարգ կրթության համակարգում հանուն ազատության շարժման սատարումը: Սերտ կապեր ունի BMZ-ի (Bundesministerium für  wirtschaftliche Zusammenarbeit und Entwicklung – տնտեսական զարգացման ու համագործակցության բունդեսնախարարություն), UNESCO-ի, ESCWE-ի, EFFE-ի և այլ կազմակերպությունների հետ: Նպատակների ու գործունեության մասին տե’ս՝ http://www.freunde-waldorf.de

IAO – Internationale Assoziation für WaldorfpՊdagogik (in Mittel – und Osteuropa und weiterՓstlich Liegenden Ländern) Վալդորֆյան մանկավարժության միջազգային ընկերակցություն (Միջին ու Արևելյան Եվրոպայում, արևելյան այլ երկրներում):
Կազմակերպությունն գործում է 1989 թ.-ի քաղաքական հեղաշրջման ժամանակներից մինչ օրս “նոր”՝ կենտրոնական Եվրոպայի արևելյան մասում, Արևելյան Եվրոպայի ու Ասիայի երկրներում վալդորֆյան շարժման սատարմամբ, երկրներ, որտեղ, չնայած բարդ պայմաններին, ավելի քան 90 վալդորֆյան դպրոցներ են ստեղծվել: Խորհրդատվությունից ու նյութական աջակցությունից զատ՝ այդ դպրոցների աշխատակիցներին անհրաժեշտ է մանկավարժական որակավորում ստանալ վալդորֆյան մանկավարժության սկզբունքներով գործող արևմտյան հաստատություններից:
Այդ պատճառով Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների նախաձեռնող խմբերն ու կազմակերպությունները 1993 թ.-ին համախմվել են մի ընկերակցությունում:

IONA Stichting – “Իոնա” հոլանդական բարեգործական հիմնադրամ

“Իոնա” հոլանդական բարեգործական հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որի նպատակը մշակութային բարեփոխումների ու զարգացման նախաձեռնությունների սատարումն է: Հիմնադրամի մասնավոր նպատակներից մեկը վալդորֆյան շարժման աջակցությունն է՝ որպես մշակութային երևույթ:

“Իոնա” հիմնադրամը ստեղծվել է 1966 թ.-ի մարտի 17-ին, Յան վան դեր Լինդենի ու կնոջ՝ Էռնա վան դեր Լինդեն-Հոֆտի կողմից: Հիմնադրամի անվանումը ծագում է վաղ կելտական քրիստոնեական կենտրոնի՝ շոտլանդական Իոնա կղզու անվանումից:

http://www.iona.nl

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930