Պատմություն

Comments: No Comments

Վալդորֆյան մանկավարժություն. Առաջացման պատմությունը

Վալդորֆյան մանկավարժությունը առաջացել է 20-րդ դարի սկզբին` Գերմանիայի հարավում` Վյուրտեմբերգ երկրի մայրաքաղաք Շտուտգարտում: “Վալդորֆ-Աստորիա” ծխախոտի գործարանի աշխատակիցները, գոհ չլինելով պետական դպրոցներից, հետևում էին իրենց երեխաներին ու հաճախ դժգոհում Գերմանիայում միջնակարգ կրթության մակարդակից, համակարգի քարացածությունից, մանկավարժների նախաձեռնության, ստեղծագործական գործունեության պակասից, ինչը բնավ չէր նպաստում մանուկների զարգացմանը, անհատականության կայացմանն ու իմացությունների ձեռքբերմանը: Այդ դժգոհությունները պարբերաբար հասնում էին ձեռնարկության սեփականատեր Էմիլ Մոլտին, ով առաջադիմական հայացքներով անձնավորություն էր ու իր ժամանակի սոցիալական փակուղիներից դուրս գալու ելքեր էր որոնում:

Էմիլ Մոլտ (1876-1936) Գործարան “Վալդորֆ-Աստորիա”

Որպես սոցիալական հարցադրման պատասխան, որն ըստ երևույթին չէր սահմանափակվում սոսկ ձեռնարկության շրջանակներով,  և քողարկված գոյություն ուներ դարաշրջանի գերմանական հասարակությունում, Է. Մոլտը միտք հղացավ նոր մանկավարժության վրա հիմնված նոր դպրոց ստեղծելու, որն ավելի մարդասիրական ու երեխաների տարիքային հետաքրքրություններին ու պահանջներին համապատասխան լիներ, արձագանքեր նրանց խորքային պահանջմունքներին: Մոտ լինելով անտրոպոսոֆական շրջանակներին` Է. Մոլտը նման մանկավարժություն ստեղծելու խնդրով դիմեց Ռուդոլֆ Շտայներին:

 

Ռուդոլֆ Շտայներ (1861-1925)

Է. Մոլտի` այդ խնդրով հատկապես Ռ. Շտայներին դիմելը պատահական չէր: Այդ ժամանակ Շտայներն արդեն հրապարակայնորեն արտահայտել էր մանկավարժությանն առնչվող մի շարք նոր, առաջադիմական գաղափարներ ու մասնավոր դասատվության, դասուսուցման որոշակի փորձ ուներ:

Այստեղ հարկավոր է առանձնակի հիշատակել երիտասարդ Շտայների մանկավարժական գործունեությունը վիեննացի առևտրական Լադիսլավ Շպեխտի ընտանիքում, որտեղ նրա խնամատարության ներքո չորս երեխա կար: Իր մանկավարժական ամենամեծ հաջողությունը ինքը` Շտայները, համարում էր հատուկ ծրագրով Շպեխտների կրտսեր որդու հետ պարապելը, որը տառապում էր թեթև հիդրոցեֆալիայով, գլխացավերով ու վարվեցողության խախտումներով: Վիեննացի հանրահայտ բժիշկ` նյարդաբան Յոզեֆ Բրոյերը, որ Զիգմունդ Ֆրեյդի ուսուցիչն ու գործընկերն էր, տղայի բնականոն աճի նկատմամբ կասկածներ էր արտահայտել: Սակայն Շտայներին զուտ մանկավարժական միջոցներով հաջողվեց առողջացնել ու առաջ մղել երեխային, ով երկու տարվա ընթացքում հասավ համադասարանցիներին, իսկ հետագայում  համալսարան ընդունվեց ու բժիշկ դարձավ (ավելի հանգամանորեն ծանոթանալու համար նաեք այստեղ` Շտայների “Իմ կյանքի ուղին” անավարտ ինքնակենսագրությունը):

Ռ. Շտայները պատրաստակամորեն արձագանքեց առաջադրված խնդրին ու վալդորֆյան մանկավարժությանը նվիրված դասախոսությունների առաջին շարքը  կարդաց 1919 թ.-ի սեպտեմբերին Շտուտգարտում: Այդ ժամանակ արդեն ստացվել էր Վյուրտենբերգի մշակույթի ու կրթության նախարարի` նոր դպրոց բացելու թույլտվությունը (13.05.1919 թ.): Նույն թվականին (07.10.1919 թ.) Շտուտգարտում` Ուլանդի բարձունքում, Է. Մոլտի տրամադրած միջոցներով սկսվեց վալդորֆյան առաջին դպրոցի շինարարությունը: Կառուցումն ավարտվելուն պես դպրոցը բացվեց 8 դասարաններով ու 256 աշակերտներով, որոնցից 191-ը ձեռնարկության աշխատակիցների ու բանվորների երեխաներ էին:

Վալդորֆյան առաջին դպրոցը, Շտուտգարտ 1927 թ.

“ՙՎալդորֆ-Աստորիա” ձեռնարկության ու դպրոցի նման սերտ կապը միայն մի տարի տևեց: Հետագայում շտուտգարտյան ձեռնարկությունը փակվեց, իսկ դպրոցը շարունակեց զարգանալ: Հասարակության տարբեր խավերի երեխաներ սկսեցին հաճախել վալդորֆյան դպրոց:

Բավական է հիշատակել, որ դպրոցի շրջանավարտներից շատերը հետագայում ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություններ դարձան: Նրանց թվում են գրող Միխայիլ Էնդեն (“Մոմոյի”, հաջողությամբ կինոֆիլմի վերածված”Անվերջանալի պատմություն” և այլ ստեղծագործությունների հեղինակը), Կարլ Օտտո Պյոլը (1980-1991 թթ. Գերմանիայի դաշնակցային բանկի նախագահը), Յենս Ստոլտենբերգը (Նորվեգիայի նախկին վարչապետը, հետագայում լեյբորիստական կուսակցության առաջնորդը), Կեն Շենոն (ՙAmerican Express՚-ի տնօրենը, ով 2002 թ.-ին համարվեց ԱՄՆ-ի ամենաազդեցիկ կառավարիչը), դոկտոր Օլաֆ Ֆելդմանը (Գերմանիայի դաշնակցային խորհրդարանի անդամը), Կրիստեն Նիգաարդը (Նորվեգիա, գիտնական, ինֆորմատիկայի պրոֆեսոր, MS-DOS համակարգի”ՙհիմնադիր հայրերից” մեկը), Պորշե ընտանիքի անդամներից շատերը, որոնց թվում ավտոկոնցեռնի ներկա ղեկավարներից մեկը` Վոլֆգանգ  Պորշեն, և շատ ուրիշներ: Իրենց զավակներին վալդորֆյան դպրոցներ են տվել ու տալիս նաև հանրահայտ անձիք:

Համարյա 100 տարվա ընթացքում Վալդորֆյան դպրոցները զգալի զարգացման են հասել: Միայն մի անգամ, ֆաշիստական բռնապետության կարճ ժամանակաշրջանում, Գերմանիայի վալդորֆյան դպրոցները փակվեցին: Այսօր վալդորֆյան մանկավարժությունը համարվում է աշխարհի մեծագույն այլընտրանքային մանկավարժական շարժումը: Այս տեղեկատվությունը գրելու պահին (2010 թ., օգոստոս) աշխարհում վալդորֆյան դպրոցների թիվը հասել է 1015-ի: Հարկ է նշել, որ համապատասխան  որակավորմամբ մանկավարժների պակասը լուրջ արգելք է հանդիսանում ամբողջ աշխարհում վալդորֆյան դպրոցների ավելի լայն տարածմանը:

Անտրոպոսոֆիա

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930