Ռուդոլֆ Շտայների համառոտ կենսագրությունը

Comments: Comments Off on Ռուդոլֆ Շտայների համառոտ կենսագրությունը

Ռուդոլֆ Շտայներ  (1861—1925)

Ռուդոլֆ Շտայները ծնվել է 1861 թվականի փետրվարի 27 -ին Ավստրովենգրիայի Կրալևիչ տեղանքում` երկաթգծի ծառայողի ընտանիքում: Տղայի հայրը հեռագրատան աշխատակից էր, հետո` կայարանի ղեկավար: Նա ձգտում էր տղային տալ տեխնիկական լավ կրթություն և նրան ընդունեց ռեալական ուսումնարան: Ռուդոլֆը աշխատում էր լավ սովորել. օրինակելի աշակերտները ազատվում էին կրթավճարից: Բացի այդ նա շատ հետաքրքրասեր էր: Ինքնուրույն, ուսուցչից վերցրած գրքով Ռուդոլֆը ուսումնասիրեց երկրաչափությունը, տիրապետեց դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվումներին: 16 տարեկանում Ռուդոլֆը սկսեց ուսումնասիրել Ի. Կանտի “Մաքուր բանականության քննադատությունը” և փիլիսոփայական այլ գրքեր: Ռեալական ուսումնարանի ծրագրի հետ մեկտեղ նա ինքնուրույն անցնում է գիմնազիայի կուրսը` տիրապետելով հունարենին, լատիներենին, պատմությանը, գրականությանը:

Իր ինքնակենսագրությունում Շտայները մեծ սիրով է հիշում իր ուսուցիչներին, մանրամասն նկարագրում է ուսուցման մեթոդները և բովանդակությունը: Պատահական չէ, որ վալդորֆյան մանկավարժությունը ուշադրությունը բևեռում է դաստիարակի և ուսուցչի անձի և նրա մարդկային որակների վրա: Կրթության և դաստիարակության գործում որոշիչ են ոչ թե մեթոդներն ու տեխնոլոգիաները, այլ ինքը` մարդը, որն ընդունակ է ոգի դնել կրթական գործընթացի մեջ:

Մոտավորապես 14 տարեկանից Շտայները սկսում է իր դասընկերներին օգնող դասեր տալ: “Շնորհիվ իմ աշակերտների ես իմացա մարդկային հոգեկան զարգացման խնդիրների մասին”,- գրել է նա հետագայում: Պատահական չէ, որ Շտայների կողմից հիմնադրված մանկավարժական համակարգում խրախուսվում է փոխօգնության ոգին` առավել շնորհվածների ընտրության և մրցակցության մեթոդներին հակադրվող: Մասնավոր մանկավարժական գործունեությամբ Շտայները զբաղվել է երկար տարիների ընքացքում:

1879 թվականի աշնանից մինչև 1883 թվականը Շտայները սովորել է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոցում: Լինելով ուսանող` ծանոթանում է Գյոթեի ժառանգության ականավոր ուսումնասիրողի` “Ֆաուստի” մեկնաբան պրոֆեսոր Կ. Յ. Շրոյեռի հետ: Շտայները հետաքրքրվեց Գյոթեի գունային տեսությամբ և ինքնուրույն սկսեց զբաղվել օպտիկայով: Շտայները միտք արտահայտեց, որ լույսի և գույնի ֆենոմեններին գյոթեական մոտեցման մեջ թաքնված են գիտության կողմից դեռ չբացահայտված հնարավորություններ:

Շրոյեռը 22-ամյա ուսանողին երաշխավորեց որպես Գյոթեի բնագիտական ստեղծագործությունների խմբագիր և մեկնաբան հրատարակիչ Կյուրշներին, որը պլանավորել էր Գյոթեի աշխատանքների ակադեմիական ժողովածուի հրատարակումը: Շտայներյան մեկնաբանությունները և Գյոթեի գիտական աշխատությունների ներածականները արժանացան մասնագետների ամենաբարձր գնահատականին: Գյոթեի ժառանգության ուսումնասիրությանը Շտայները նվիրեց ընդհանուր առմամբ մոտ 15 տարի:

1884 թվականին Շտայները դարձավ տնային ուսուցիչ վիեննացի առևտրական Լ. Շպեխտի ընտանիքում, որի 10-ամյա որդին համարվում էր ֆիզիկապես և հոգեպես հիվանդ և ուսման համար անպիտան: Շտայներն իր առջև դրեց դաստիարակչական դժվարագույն խնդիր: “Շնորհիվ ուսումնական պրակտիկայի, որը ես կիրառում էի, ինձ համար բացահայտվեց մարդու մեջ հոգևոր-հոգեկանի և ֆիզիկականի միջև կապը: Այստեղ ես անցա հոգեբանության և ֆիզիոլոգիայի իրական դպրոց” (Շտայներ): Շտայներն աշխատեց տղայի հետ երկու տարի, որից հետո վերջինս կարողացավ հանձնել դպրոցական քննությունները: Հետագայում նա ընդունվեց համալսարան և դարձավ բժիշկ:

1890-ից 1897 թվականը Շտայները ապրել է Վայմարում, որտեղ մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվել է Գյոթեի արխիվի ուսումնասիրությամբ: Այս տարիներին Շտայները ձևավորում է սեփական գիտափիլիսոփայական դիրքորոշումը: Նա գրում է ՙԳյոթեի աշխարհայացքի ճանաչողության տեսությունը՚, պաշտպանում է  դոկտորական  ատենախոսության/դիսերտացիա/ հետագայում հրատարակվել է “Ճշմարտություն և գիտություն” վերնագրով, ստեղծում է իր հիմնական փիլիսոփայական աշխատությունը` “Ազատության փիլիսոփայությունը”: Այստեղ նա անդրադառնում է գերմանական դասական փիլիսոփայության պատմության մեջ զարգացում չգտած, բայց ХХ դարի փիլիսոփայության նշանավոր ուղղություններից մեկի` Գուսերլայի ֆենոմենոլոգիայի համար կենտրոնական դարձած գաղափարների ոլորտին:

1897 թվականին Շտայները տեղափոխվում է Բեռլին, որտեղ դառնում է “Գրական ամսագրի” խմբագիր: Հետո նրան հրավիրում են դասավանդել բանվորներին դպրոցում, որտեղ նա աշխատում է վեց տարի և ունկնդիրների շրջանում մեծ ճանաչում է ձեռք բերում:

1900 թվականի աշնանը Շտայները հանդես է գալիս Նիցշեի մասին զեկույցով կոմս Բռոկդորֆների Թեոսոֆական գրադարանում: Այնուհետև նրան հրավիրում են թեոսոֆական ընկերությունում դասախոսությունների շարք կարդալու և վերջապես առաջարկում են գլխավորել այդ ընկերությունը: Շնորհիվ Շտայների թեոսոֆական ընկերությունը դարձավ նկատելի երևույթ Գերմանիայի հոգևոր կյանքում:

1913 թվականին ղեկավարության հետ գաղափարական անհամաձայնությունների հետևանքով Շտայները թողնում է Թեոսոֆական ընկերությունը և կազմակերպում է  Անտրոպոսոֆական ընկերությունը: Շտայները ստեղծում է մոդելը սեփական շինության` Գյոթեանումի, որի շինարարությանը մասնակցում էին Եվրոպայի տարբեր ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում և ռուս մտավորականության ներկայացուցիչներ /Անդրեյ Բելի, Մաքսիմելիան Վալոշին, Մարգարիտա Սաբաշնիկովա-Վալոշինա, Ասյա Տուրգենևա և այլք/: 1913 թվականից մինչև 1922 թվականը Շտայները ղեկավարում է Գյոթեանումի շինարարությունը Դորնախում, գրում է մի շարք հոդվածներ և գրքեր, հանդես է գալիս դասախոսություններով, որոնց մեջ անդրադառնում է հոգևոր կյանքի այլևայլ կողմերին, պատմությանը, աշխարհի ճանաչողությանը և մարդուն:


Առաջին Գյոթեանում                                     Գյոթեանումի կաթսայատւն

Գյոթեանումի շինարարության ամենաթեժ շրջանում սկսվում է Առաջին աշխարհամարտը: Շտայները ստեղծում է եվրոպական հետագա զարգացման կոնցեպցիան /հայեցակարգը/, իսկ 1917 թվականին ներկայացնում է այն մեմորանդումի ձևով և փոխանցում է Գերմանիայի և Ավստրիայի առաջատար քաղաքական գործիչներին` նրանցից ոմանց հետ անձամբ հանդիպելով: Քաղաքական գործիչները տեսականորեն համաձայնվում էին Շտայների եզրակացությունների հետ, բայց չօգտվեցին նրա առաջարկներից: Այդ ժամանակ Շտայները գրում է “Կոչ գերմանացի ժողովրդին և մշակութային աշխարհին”, որտեղ շարադրում է իր տեսակետը պատերազմի պատճառների և հետպատերազմյան զարգացման հեռանկարների վերաբերյալ: “Կոչ…”-ի տակ ստորագրում են բազմաթիվ հայտնի հասարակական գործիչներ, որոնց թվում և գրողներ Թոմաս Մաննը, Հենրիխ Հեսսեն: Շտայները հանդես է գալիս բազմաթիվ դասախոսություններով` նվիրված սոցիալական հարցին, բանվորական շարժման ճակատագրին, հասարակական կառույցին, արտահայտում է նշանակալի մտքեր տնտեսության, իրավունքի, հարկային համակարգի ոլորտում: Շտուտգարտյան “Վալդորֆ-Աստորիա” ծխախոտի ֆաբրիկայի աշխատողների առջև հանդես գալիս Շտայները պատմեց նոր տիպի դպրոցի մասին: Ֆաբրիկայի տնօրեն Էմիլ Մոլտը առաջարկեց Շտայներին ֆաբրիկային կից ստեղծել նման դպրոց: Այսպես 1919 թվականի ապրիլի 25-ին առաջին վալդորֆյան դպրոցի ծնունդով սկսվեց վալդորֆյան մանկավարժության պատմությունը:

1922 թվականի հունվարի 31-ի գիշերվա հրդեհի արդյունքում Գյոթեանումի նորակառույց շենքը անհետանում է կրակում: Շտայներն այս դեպքի մեջ տեսնում է Անտրոպոսոֆական ընկերության ճգնաժամի արտաքին դրսևորումը և սկսում է դրա վերակազմակերպումը:

1924 թվականին Շտայները լրջորեն հիվանդանում է և մահանում 1925 թվականի մարտի 30-ին Դորնախում /Շվեյցարիա/, որտեղ նրա էսքիզներով արդեն այդ ժամանակ սկսվել էր Գյոթեանումի երկրորդ շենքի շինարարությունը` մինչ օրս գոյություն ունեցող: Նոր Գյոթեանումը համարվում է նշանակալի նորարարական քայլ ХХ դարի օրգանական ճարտարապետության պատմության մեջ:


Նոր Գյոթեանում

Ռուդոլֆ Շտայները անտրոպոսոֆական բժշկության, բիոդինամիկական գյուղատնտեսության, “սոցիալական օրգանիզմի եռանդամության” կոնցեպցիայի հիմքերը դրեց, ազդակներ տվեց էվրիթմիայի, դրամատիկական արվեստում նոր ուղղությունների, կերպարվեստի, երաժշտության, ճարտարապետության զարգացման համար:

Թյուրիմացություններից խուսափելու համար անհրաժեշտ է նշել, որ Ռ. Շտայները չի հիմնադրել որևէ կրոն (ինչպես հաճախ սխալ պնդում են), համարում էր անհնարին նոր որևէ կրոնի հիմնադրում: Անտրոպոսոֆիայի մասին նա գրում էր, որ այն ՙճանաչողություն է` մարդու մեջ իր բարձրագույն “Ես”-ով ծնվող”:

Ռ. Շտայների անունը ամենամեծ ճանաչումը ձեռք է բերել իր ստեղծած մանկավարժությամբ աշխատող կրթական հաստատությունների լայն տարածմամբ պայմանավորված:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930