Close Print

Դասավանդման ծրագրերի առանձնահատկությունները

Comments: No Comments

Վալդորֆյան դպրոցի ծրագիրն իր բովանդակությամբ շատ քիչ է տարբերվում ավանդական ու պետական դպրոցների ծրագրերից: Այլ կերպ ասած՝ վալդորֆյան դպրոցում, հիմնականում, ուսումնասիրում են նույն առարկաները՝ քիմիայի կամ ֆիզիկայի նույն օրենքները, գենետիկայի օրինաչափությունները, լեզուները, գրականության դասականներին՝ չնայած թվարկված առարկաների բովանդակությունն այլ կերպ է բաշխվում ուսումնական ժամանակացույցում (ծրագրում) և, ինչպես նախորդ բաժիններից պարզ պետք է դառնար, այլ կերպ է մատուցվում:

Սակայն ուսումնասիրվող առարկաների ցանկը և համապատասխանաբար թեմատիկ դասափուլերի բովանդակությունը որոշ կետերում տարբերվում են ավանդական դպրոցների դասավանդումից: Ընդունող հանձնաժողովը, դասղեկը, մյուս  մանկավարժները հաճախ ոչ ավանդական առարկաների կապակցությամբ պետք է ծնողներին լրացուցիչ բացատրություններ տան:

Այսպես՝ տարրական դասարաններում երեխաներն անպայման անցնում են ձևերի դասափուլը:  Վալդորֆյան դպրոցի  աշակերտների ուսումնառությունը սովորաբար դրանից էլ սկսվում է: Հետևելով դասղեկին, որը գրատախտակին գունավոր կավճով նախ նկարում է շատ պարզ, հետագայում ավելի բարդ, հաճախ նույնիսկ խրթին  ձևեր, երեխաները մոմեգունավոր մատիտներով այդ ձևերը նկարում են իրենց դասափուլային ալբոմներում:

Նման դասափուլերի նպատակը միայն գրելուն նախապատրաստվելն ու նրբաշարժ վարժությունները չեն: Աստիճանաբար պարզ ձևերից անցնելով ավելի բարդ զարդանախշերի` աշակերտները զարգացնում են ստեղծագործական երևակայությունն ու ներքին  շարժունակությունը:

Առաջին դասարանից երեխաները սկսում են պարապել էվռիթմիայով՝ արվեստի նոր ձևով, որը բանաստեղծական տողի  ու երաժշտական հնչերանգի համաչափությունը օրինաչափորեն  փոխակերպում է շարժումների լեզվի ու մարմնի համաչափ, սահուն շարժումների: Այդ պատճառով էվռիթմիան հաճախ կոչում են տեսանելի խոսքի արվեստ  (շպրախ կամ խոսքային էվռիթմիա) կամ էլ տեսանելի երաժշտություն  (տոն կամ երաժշտական էվռիթմիա): Բացարձակապես ոչ ավանդական, սկզբում թերևս փոքր-ինչ անսովոր թվացող երիտասարդ այս արվեստի ձևը մարմնի շարժումներին հաղորդում է խոսքի ու ձայնի մեղեդայնությունը՝ մարմնին առաջադրելով  խոսքի ու երաժշտության ուղեկցությամբ ավելի սահուն շարժուձևեր` հեռու ժամանակակից պոպ երաժշտության ամեն բնույթի ավտոմատիզազումներից ու ռիթմերից, երբ մարմնի շարժումները ավելի ենթարկված են լինում ուժեղ ռիթմիկ հարվածներին ու զիլ, հնչեղ ձայներին:

Խոսքային էվռիթմիայի շնորհիվ երեխաները ավելի լավ են զգում լեզուն, նրա բանաստեղծականությունը, ռիթմիկան, որը լեզվական կարողությունների համընդհանուր թուլացման ֆոնին առանձնահատուկ մանկավարժական նշանակություն է ձեռք բերում: Չնայած  շպրախ-էվռիթմիան ի սկզբանե ստեղծված է եղել գերմանական դպրոցների համար, ավելի ուշ փոխադրվել է  անգլերենի, ռուսերենի, ապա Երևանի վալդորֆյան դպրոցում մասնագետները մշակել են այն հայերենի համար ու այժմ դասավանդում են մայրենի լեզվով:

Շինարարական և գյուղատնտեսական դասափուլերը:  3-րդ դասարանում ենթադրում է երեխաների մասնակցությունը գործնական  աշխատանքներին, որոնց ընթացքում ուսուցումը կատարվում է ոչ թե ակադեմիական կամ տեսական, այլ կենսական՝ իրական, գործնական հիմունքներով: Օրինակ՝ շինարարական դասափուլը նախատեսում է երեխաների երկշաբաթյա մասնակցություն որևէ կառույցի շինարարությանը կամ էլ հմուտ մասնագետի ղեկավարությամբ որևէ կառույցի (կարող է լինել տաղավար կամ տնակ) շինարարություն՝ սկզբից մինչև վերջ:

Գյուղատնտեսական դասափուլը ենթադրում է ամբողջ տարվա գյուղատնտեսական աշխատանքների լրիվ շրջան: Աշնանը երեխաները գնում են ագարակ կամ գյուղ ու  ընդունում ամբողջ տարվա համար  իրենց հատկացված բավական ընդարձակ հողատարածք: Երեխաները  գութանով կամ քլունգով վարում են տեղամասը, փխրեցնում են հողը, մաքրում են  մոլախոտերը, վերջում ցորենի կամ տարեկանի ձմեռային տեսակներ են ցանում: Այդ ընթացքում երեխաները հին գեղջկական՝ ծիսական  կամ պաշտամունքային երգեր են սովորում, կատարում: Գարնանը նրանք կարող են այցելել իրենց հողամասը, խնամել ու տեսնել, թե ինչպես են ծլարձակում ու աճում հացաբույսերը: Դասափուլը  շարունակվում է ամռանը՝ հունիսին, երբ բերքը հասնում ու պատրաստ է լինում բերքահավաքի: Բերքահավաքը մեծերի հսկողությամբ ու օգնությամբ, ավանդական ձևերով՝ մանգաղով կամ գերանդիով, շատ կարճ է տևում: Հետո ցորենը կամնում, կալսում, ալյուր են ստանում, որից հաց են թխում (երեխաների աշխատանքային լուսանկարներ):

Կրոն դասավանդվում է ոչ միայն վալդորֆյան դպրոցներում, սակայն  ավանդական ուսումնական հաստատություններում կրոնը որպես հատուկ առարկա չի  դասավանդվում, ուստի այն ևս կարելի է վալդորֆյան դպրոցի առանձնահատուկ առարկա համարել: Բազմադավան երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, վալդորֆյան դպրոցներում կրոն դասավանդում են համապատասխան դավանանքի ներկայացուցիչները: Նման մոտեցումը սկսվել է կիրառվել դեռևս Շտուտգարտում առաջին վալդորֆյան դպրոցի հիմնադրման օրվանից: Այդ օրվանից մինչև հիմա կրոնի դասերի նախընտրությունը ծնողների կողմից է արվում  կաթոլիկ ընտանիքների երեխաներին դասավանդում են կաթոլիկ հոգևորականները կամ աստվածաբանները, համապատասխանաբար բողոքական պատվելիները կամ աստվածաբանները դասավանդում են բողոքական ընտանիքների զավակներին և այլն: Անկրոն և նույնիսկ աթեիստական ընտանիքները իրավունք ունեն հրաժարվել այդ դասերից. սակայն արևմուտքի վալդորֆյան դպրոցներում գոյություն ունի նաև այսպես կոչված կրոնի ազատ դասաժամ, որը վարում է դավանական որևէ նախապատվություն չունեցող մանկավարժը: Անդավան ընտանիքների երեխաները հիմնականում հաճախում են այդ դասերին:

Կրոնի դասավանդումը համարվում է վալդորֆյան դպրոցների անհրաժեշտ բաղադրատարրը, որը սնում է երեխայի բնածին կրոնականությունը: Վալդորֆյան դպրոցներում կրոնը չի դասավանդվում երեխաներին այս կամ այն հոգևոր դրույթը դավաբանորեն ներարկելու, նրանցից հավատացյալներ պատրաստելու համար: Այն, ինչ արվում է ցանկացած դպրոցում ոչ մի դեպքում չպետք է խաթարի երեխայի անձի ազատությունն ու ընտրության հնարավորությունը՝ մասնավորապես հոգեգաղափարական ինքնորոշման հարցում: Հոգևոր դաստիարակության իմաստն ավելի շուտ անհատի բարոյական դաստիարակությունն է՝ վսեմ  զգացմունքների, բարձր իդեալների, բարու ու չարի սկզբունքային տարբերակման, նրանց դիալեկտիկական հակադրման  ու մարդու հոգում մղվող պայքարի փորձառությունը:

Երեխաները միշտ էլ ի բնե ընտրում են բարին, որն ինքնին շատ հետաքրքիր ու կարևոր երևույթ է: Եթե երեխայի մանուկ հասակում  գերիշխող բարու բևեռեին հանձին վսեմ  գաղափարի՝ օրինակ Աստծո հասկացության, նախախնամական պաշտպանության, ինչպես նաև սիրո ու վերջնական արդարության զգացումներին   հենարան չտրվի, հասուն տարիքում` շրջապատում չարին բախվելիս, նա շատ քիչ բան կկարողանա հակադրել: Նման երիտասարդը հաճախ զրկված է լինում ընտրության հնարավորությունից, հետևաբար նաև ազատությունից: Դպրոցական ուսումնառության ընթացքում ստացած չլինելով ազատ բարոյակրոնական դաստիարակություն, դրա ազդեցությամբ ձևավորված մարդկային բևեռը, հասարակության մեջ բախվելով չարին, հաճախ դիրքերը զիջում ու հարմարվողական է դառնում:

Բացի դրանից կրոնական բնագավառից  իրազեկությունը երեխային ավելի հասուն տարիքում որոշ իմաստով զերծ է պահում  ամեն տեսակի աղանդավորական գայթակղությունից: Աղանդները մարդկանց իրենց շարքերն են գրավում նախ և առաջ շահարկելով նրանց կրոնական անգիտությունն ու անգրագիտությունը  և հենվելով ինֆանտիլ, փոքր տարիքում զարգացում չստացած կրոնական զգացումների վրա՝ ստեղծում են իրենց գրավիչ խաբկանքի համակարգը:
Երևանի վալդորֆյան դպրոցում ներկա պահին հատուկ կրոնական դասեր չկան: Ազատ  կրոնական դաստիարակության ու ուսուցման որոշ տարրեր մտցված են համաշխարհային և հայրենի երկրի պատմության ծրագրերի մեջ:

Բազմաթիվ վալդորֆյան դպրոցներ որպես առարկա անցնում են թատրոն ու կրկես: Թատերական կամ կրկեսային խմբեր գործում են շատ դպրոցներում: Սակայն, հազիվ թե որևէ հանրակրթական դպրոց ուսումնական ծրագրերում ներառում է  թատրոնը կամ կրկեսը: Վալդորֆյան դպրոցում թատրոնի ու կրկեսի դասերը զուտ մանկավարժական նպատակ են հետապնդում: Թատրոնը անգնահատելի դեր է խաղում երեխայի համարձակության ու ինքնաարտահայտման դաստիարակության, հանդիսատեսի առջև երկչոտությունը և իր առօրեական, սովորական ինքնության հետ ժամանակավոր ներքին տարաձայնությունը-ապանույնացումը հաղթահարելու ասպարեզում ու հենց դրանով մեծացնում է էմպատիայի և տարբեր միջավայրերում ու իրավիճակներում արագ կողմնորոշվելու հնարավորությունը:

Հասկանալի է` այն երեխաները, ովքեր թատրոնում  ինքնատիպ ՙմարտական մկրտություն՚ են ստացել, ավելի համարձակ, արտիստիկ ու ինքնադրսևորումներում անկաշկանդ են: Կրկեսը այս ամենին գումարում  է սեփական մարմնին լավ տիրապետելը, ճարպկությունը, հավասարակշռության զգացողությունը, բեմընկերների հետ փոխհամագործակցությունը (մարմնամարզության, ակրոբատիկայի կամ ժոնգլյորության դեպքերում): Թվարկվածները բնավ էլ այն ամենը չեն, ինչ տվյալ առարկաները տալիս են երեխաներին (թատերական ու կրկեսային ներկայացումների լուսանկարներ):

Վալդորֆյան դպրոցներում   թատրոնի ու կրկեսի դասավանդման փորձը միանշանակ վկայում է այդ առարկաների կարևորությունը երեխաների՝ դասարանում իրար հետ արագ  մերվելու, ավելի հեշտ համախմբվելու ու միմյանց նկատմամբ ուշադիր լինելու գործում:

Վարլդորֆյան դասական դպրոցներոում պարտադիր է համարվում արհեստների դասավանդումը: Ատաղձագործության-հյուսնության,բրուտագործության-խեցեգործության, պղնձագործության-դրվագման, դարբինների, խառատների, քարագործների, հյուսվածքի-գորգագործության և այլ արհեստանոցները վալդորֆյան շատ դպրոցների արտաքին ու ներքին պարտադիր բաղադրատարրերն են (արհեստագործական դասերի լուսանկարներ):

Այդ պարապմունքները կարևոր ու անհրաժեշտ են համարվում ոչ միայն նրանց համար, ովքեր իրենց ապագան կապում են տվյալ մասնագիտությունների, այլև բոլոր աշակերտների համար: Համարվում է, որ աշխատանքը նյութի հետ՝ երկաթ կլինի, փայտ, թե կերպաս, երեխայի կամային ջանքերը խելամիտ ու ստեղծագործական հուն ուղղորդելով, կոփում է կամքը, նպաստում ճաշակի, աշխատասիրության, համբերատարության, նստակյացության զարգացմանը, հետ է պահում վատ սովորությունների, բռնության և այլնի մղող անմիտ ժամավաճառությունից:

Թեման ամբողջացնելու համար ներկայացնենք վալդորֆյան դպրոցներում դասավանդվող բանջարա-այգեգործություն առարկան, որը մասնագետ այգեգործները դասավանդում են դպրոցին պատկանող բանջարաայգեգործական հողամասում: Այստեղ աշակերտները ձեռք  են բերում այգիներն ու բանջարանոցները խնամելու հմտություններ՝ ծառերը,  թփուտները էտելուց ու ճյուղատելուց ընդհուպ պարարտանյութ պատրաստելու ու վնասատուների դեմ պայքարելու ձևերը: Այդ և գործնական նման այլ հմտությունները գրեթե միշտ օգնում են շրջանավարտներին, երբ նրանք ձերբազատվում են ընտանեկան կամ դպրոցական հովանավորությունից, ինքնուրույն կյանք են սկսում:

Ցավոք, դպրոցների ամբողջական համալրումը անհրաժեշտ ուսումնական նյութերով, գործիքներով, տարածքներով ու համապատասխան սենյակներով, հատկապես Արևելյան Եվրոպայի շատ կրթարանների համար, նախ և առաջ նյութական պատճառներով, անհնարին է: Մեր` երևանյան ՙԱրեգնազանը՚ նույնպես այդ առումով ստիպված է բավարարվել բավականին համեստ պայմաններով: Դպրոցի զարգացման առաջիկա ծրագիրը փայտամշակման ու բրուտագործության արհեստանոցների ստեղծումն է (կտտացնել ՙԶարգացման ծրագրեր՚ կայքէջը):

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930