Close Print

Զարգացման փուլերը

Comments: No Comments

Երեխայի զարգացումն ընթանում է փուլերով: Նրա  աճի առաջին՝ նախադպրոցական փուլը վալդորֆյան մանկավարժությունը չի շրջանցել: Այն տևում է մոտավորապես 7 տարի և ավարտվում է երեխայի հոգեկան ու ֆիզիոլոգիական հասունացմամբ: Վալդորֆյան մանկավարժությունը երեխայի կյանքի այդ փուլի բնորոշ առանձնահատկությունը համարում է ընդօրինակումը: Երեխայի անհատականությունը բառացիորեն կլանում է այն ամենը, ինչ տեղի է ունենում  շուրջը:  Զարգացման  վաղ մանկական տարիքում մեծ դեր է խաղում սենսորային (զգայական) խթանումը, այսինքն երեխային շրջապատող ձևերն ու գույները, ձայները, մարդկային խոսքը: Հետագայում սենսորային (զգայական) խթանմանը միանում  է խաղի ընթացքում հասակակիցների, ինչպես նաև  շրջապատի մեծերի ընդօրինակումը: Այդ առումով չափազանց կարևոր է տպավորությունների հարստությունը (Sinneserziehung – զարգացում՝ զգայարանների միջոցով) ու այն տպավորությունների ընտրությունը, որոնց հոսքը դեպի երեխան մանկավարժորեն ցանկալի է (ծնողների հոգատարությամբ ու գուրգուրանքով շրջապատված լինելը, հասակակիցների հետ օգտակար խաղերը, անաղարտ ու նախաստեղծ բնության տպավորությունները) ու համապատասխանորեն մեծերի աշխարհի,  տեխնիկական ոլորտի անցանկալի, կոպիտ տպավորությունների զտումը: Այս հարցերով հիմնականում զբաղվում են վալդորֆյան մանկապարտեզները (տե’ս՝ վալդորֆյան մանկապարտեզների մասին նյութերը, օրինակ՝ Էլիզաբեթ Գրյունելիուսի “Վալդորֆյան մանկապարտեզը”, Մոսկվա, 1992 թ., Ռուսաստանի կրթության նախարարության հրատ., “Գրքերի աշխարհը”):

Մոտավորապես 7 տարեկանում՝ ատամները  փոխելու սկզբնական  ու գլխուղեղի անատոմիական հասունացման  (միելինիզացիաի)  ավարտական փուլում, երեխան սովորաբար, ներքուստ արդեն պատրաստ է լինում դպրոցին: Նա ոչ միայն ընդօրինակում է շրջապատի ամեն ինչը  կամ ցանկացած զբաղմունք խաղի է վերածում, այլև դառնում է ավելի նստակյաց ու կենտրոնացած: Երեխան արդեն պատրաստ է հիմնարար տարրական երևույթներն ու գործողություններն ընկալելու: Միաժամանակ՝ մանկապարտեզի տարիքից ու այնտեղի ժամանցի բնույթից, դաստիարակությունից ու ուսուցումից (զարգացում զգայարանների ու խաղերի միջոցով, բանահյուսության, հեքիաթների, համրանքախաղերի և այլն) անցումը դպրոցական իրականությանը (մտածողության տարրական ունակությունների տիրապետում, գրավոր, հաշիվ, տնային առաջադրանքների առկայություն) կատարվում է  սահուն ու աստիճանաբար:

Վալդորֆյան դպրոցը հնարավորին  չափով պահպանում է նախադպրոցական տարիքի երեխայի ներքին գունեղ ու պատկերավոր աշխարհը, շարժուն ներքին կյանքը՝ դրանց  առկայությունը երեխայի անհատական բարոյաէթիկական ու գեղագիտական զարգացման, ստեղծագործական երևակայության համար անհրաժեշտ նախադրյալներ համարելով: Հեքիաթները, լեգենդները,  առասպելները, առակները, էպոսները, ժողովրդական բանավոր ստեղծագործության տարբեր նմուշները, նկարչությունը, բանաստեղծությունը, երգեցողությունը, պարը, թատրոնը, կրկեսը՝ այս և ուրիշ շատ բաղադրատարրեր անպայմանորեն  ուղեկցում ու ամբողջացնում են վալդորֆյան դպրոցների ուսումնական գործընթացը` թույլ չտալով չափից ավելի չոր ու ձևական դառնալ: Ուսումնառության զուտ ինտելեկտուալ՝ ֆորմալ տարրը աստիճանաբար է ներմուծվում, ընդ որում, սկզբում հնարավորին չափով պատկերավոր կամ պատկերավոր-կոնկրետ ձևով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ տարրական դպրոցում երեխայի մտածելու կարողությունները սահմանափակ կամ սոսկ պատկերավոր-կոնկրետ են: Հենց  դրանով էլ  վալդորֆյան դպրոցը խուսափում է երեխայի հոգեկան կյանքի վաղ  ինտելեկտուալիզացումից և ֆորմալիզացումից, ժամանակից շուտ հասունացումից:

Այսպիսով, եթե իր կյանքի առաջին 7 տարիների ընթացքում երեխան ինքնին ապրում  ու աշխարհը ճանաչում է ընդօրինակման միջոցով, ապա մեզ հետաքրքրող երկրորդ 7 տարիները (6-ից կամ 7-ից 14 տարեկան, դպրոցական առաջին 7 դասարանները) ընթանում են հեղինակության սկզբունքի ներքո: Հարցերով լի երեխան հեղինակություն,  արտաքին հենարան  է փնտրում, որից կկարողանա ստանալ իրեն հուզող հարցերի ճիշտ պատասխանը: Հաճախ ավագ եղբայրների ու ծնողների, բարեկամների և այլոց թվում այդպիսի հեղինակություն է դառնում դասվարը ու  դրանով իրեն հեղինակություն ընտրած երեխայի զարգացման գործընթացում նշանակալի  դեր խաղում:

Այդ պատճառով էլ վալդորֆյան մանկավարժությունը առանձնահատուկ կարևորություն է տալիս դասվար-դասղեկի անհատականությանը` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա հիմնական առարկաները դասավանդում է 8, երբեմն նաև 9 տարի: Վալդորֆյան մանկավարժության՝ դասղեկին ներկայացվող պահանջները չափազանց բարձր են, քանի որ  տվյալ անձնավորությանը վիճակված է աշակերտների համար երկար ժամանակ հեղինակություն լինել,  ապա, որպես իդեալ դասվար պետք է պատկերացնել համակողմանիորեն զարգացած,  մեթոդապես պատրաստված անհատակություն, ով իր առջև իմացական բարձր նպատակներ  է դնում ու անհատապես ձգտում  բարձր բարոյաէթիկական  իդեալների: Փաստորեն ուսուցիչն ինչ-որ տեղ պիտի իրենով ներկայացնի այդ իդեալը,  աշակերտների աչքում ներկայանա եթե ոչ ամենագետ, ապա  խոր իմացությունների տեր, գործնական ու պրպտուն անձնավորություն: Այնպիսի անհատականության ի հայտ գալը, ով գոնե ձգտում է իր մարդկային իդեալին,  երեխայի կյանքում  կենսահաստատման ու դաստիարակության ասպարեզում էական նշանակություն է ստանում:

Միջին դպրոցում դասղեկը, լիովին չհրաժարվելով կրտսեր տարիքային փուլի ուսուցման առանձնահատկություններից (շարադրման պատկերավորությունից ու ամբողջականությունից, գունագեղությունից, խանդավառությունից, արվեստով հագեցած լինելուց), պետք է աշակերտներին աստիճանաբար պատրաստի ավագ դպրոցի: Երեխայի մոտ պիտի սկսեն ձևավորվել մտածողության ապարատն ու բավական հասկացողական միջոցներ:

Մոտ 12 տարեկանում գլխուղեղի վերջնական ֆունկցիոնալ հասունացման հետ մեկտեղ (երկրորդական ու երրորդական ասոցիատիվ դաշտերի ձևավորում, հատկապես ճակատային բլթի ոլորտում), ինչպես նաև սեռական հասունացման սկզբնավորմամբ ու անցումային  վերակազմավորմամբ, երեխայի մոտ աստիճանաբար հասունանում է նոր կարողություն՝ ոչ թե ստիպողական-վաղաժամ, այլ բնական հակվածություն սեփական դատողությունների և ինքնուրույն Ֆորմալ-տրամաբանական գործողությունների հակում:

Այսպիսով, դպրոցական առաջին յոթնամյակի սկիզբն ու ավարտը (7-14, հայկական իրականությունում՝ 6-13 տարեկան), այլ կերպ՝ 1-7-րդ դասարանները, որպես երեխայի դպրոցական զարգացման առաջին փուլ ու կարևոր ուղենիշներ, կանխորոշվում են ոչ միայն վալդորֆյան մանկավարժության փորձով ու տարիքային հոգեբանությամբ (տե’ս՝ զարգացման փուլերն ըստ Պիաժեի), այլ նաև նյարդամարդաբանության ու նյարդահոգեբանության տվյալներով (տե’ս “Նեյրոհոգեբանության հիմունքները”, Ա.Ռ.Լուրյա, Հրատարաքչական կենտրոն “Ակադեմիա”, Մոսկվա 2007):  Ինքնուրույն դատողության կարողությունը, և որպես հետևանք` նախկին հեղինակությունների պսակազերծում, ինքնագիտակցության ընդվզում,  պատանեկան րադիկալիզմ, զգացմունքայնություն, միայնակության և շրջապատի կողմից չհասկացվածության զգացում և այլն, որոնք վալդորֆյան դպրոցի պայմաններում ավելի սահուն  են անցնում, սեռական հասունացման` պուբերտատի ոչ ստիպողական, ճիշտ, զարգացման ավարտի հիմնական ձեռքբերումն է:

Մենք տեսնում ենք, որ ավագ դպրոցի սկիզբը չի համընկնում 12-14 տարեկանների այդ հոգե ֆիզիոլոգիական գործընթացների ավարտին, այլ տեղի է ունենում երկու երեք տարի անց՝ մոտ 16-17 տարեկանում, երբ աշակերտը փոխադրվում է 10-րդ դասարան: Միջին դպրոցի ահա այդ մի քանի տարիները սկզբունքային նշանակություն ունեն: Տվյալ փուլում անհրաժեշտ է խորացնել մտավոր – ճանաչողական գործընթացները` չկորցնելով հանդերձ հոգեկան կյանքի այլ ոլորտների զարգացման հետ կապը, ուսուցման ծանրության կենտրոնը փոխադրել մտավոր ոլորտ: Այդ պատճառով 5-6-րդ դասարաններից հետո հաճախ դասղեկները, հատկապես եթե մասնագիտական իրազեկության պակաս են զգում, շատ առարկաների դասավանդումը հանձնում են ավագ դպրոցի  ուսուցիչներին: Դրանով է բնորոշվում միջանկյալ փուլը:

Այսպիսով դեռահասների՝ մեծահասակին հատուկ ինքնուրույն, վերացական դատողությունների հասունությունը վրա է հասնում 12-14 տարեկանից ոչ շուտ, և ավագ դպրոցի անցման նախապատրաստությունը տևում է էլի 2-4 տարի: Հենց այդ պատճառով վալդորֆյան մանկավարժությունը մտավոր զարգացման հիմնական շեշտը դնում է ավագ դպրոցի վրա: Դրանով հանդերձ երբեք չի մոռանում հումանիտար ու անհատական – անձին ուղղված բաղադրատարրերը:

Վալդորֆյան մանկավարժությունը ոչ մի բնույթի  ագնոստիկականություն չի ընդունում: Ավագ դպրոցը կոչված է ոչ միայն կենդանի գիտելիքներ, մտածողության հմտություն, այլ նաև դեռահասներին ինքնաճանաչման ու աշխարհի ճանաչելիության վստահություն հաղորդել: Դա իր հերթին ազդում է դեռահասների աշխարհզգացողության ու ինքնագիտակցության մակարդակի վրա: Այդպիսի դեռահասներն ավելի ինքնավստահ, ներքուստ կայուն ու կյանք մտնելուն անհամեմատ պատրաստ են լինում, քան անընդհատ վարանող ագնոստիկները:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930