Տոներն ու համադպրոցական միջոցառումները

Comments: Comments Off on Տոներն ու համադպրոցական միջոցառումները

Դպրոցի առօրյան չի սահմանափակվում միայն ուսումնական գործընթացով: Ուսուցումն  ինչպես աշակերտների, այնպես էլ ծնողների համար ավելի հրապուրիչ  ու բովանդակալից դարձնելու նպատակով  մանկավարժական կոլեկտիվը ուսւմնական գործընթացի մեջ ներառում է բազմաթիվ “ոչ ուսումնական” միջոցառումներ, որոնց թվում են համադպրոցական տոները: Վալդորֆյան տարբեր դպրոցների նախընտրությունները կարող են տարբեր լինել, սակայն արևելյան երկրների գրեթե բոլոր դպրոցները տոնում են ուսումնական տարվա սկիզբը՝սեպտեմբերի 1-ը:

Սեպտեմբերի 1-ը տոն է նախ և առաջ ամենափոքրերի՝ դպրոցի նոր “բնակիչների” համար: Երեխաների համար դա լուրջ ուղենիշ է, որը նրանց  առօրյան արմատապես փոխում է ինչպես նաև հասունացման հերթական փուլն է: Տոնական մթնոլորտը երեխաների համար այդ անցումը դարձնում  է սահուն, առաջին իսկ օրվանից` հարմարավետ: Սովորաբար այդ միջոցառման  անցկացման պատասխանատվությունը դրվում է ուսուցիչների ու բարձր դասարանցիների վրա:

Ձմռան սկիզբը միշտ տոնական նախաամանորյա տրամադրության մոտեցումն է, ձմռան տոնի ու հայկական ավանդությամբ դրան հաջորդող մանկության տոնի, այսինքն  Սուրբ Ծննդյան տոնի մոտեցումը: Քանի որ այդ երկու տոները նշվում են արձակուրդի օրերին, դպրոցում տոնական միջոցառումներն անց են կացվում մինչև ձմեռային արձակուրդը՝ դեկտեմբերի 3-րդ տասնօրյակի առաջին օրերին (եվրոպական Ծննդյան տոների հետ համընկելը երբեմն հարուցում է ազգային ավանդույթների ջատագովների հանդիմանանքը, սակայն միայն  կանխակալները կարող են այդ՝ զուգադիպությունում, միտում տեսնել):

Տոնը անցնում է շատ ուրախ,  որևէ մեծ դահլիճում, որը, դպրոցը, իրենը չունենալու պատճառով, վարձակալում է (սովորաբար թատերական ինստիտուտի կամ տիկնիկային թատրոնի սրահները): Դահլիճը, որպես կանոն,  միշտ լեփ-լեցուն է լինում: Գալիս են բոլոր նրանք, ովքեր կարողանում են՝ աշակերտներ՝ ծնողների, ընտանիքի այլ անդամների հետ, ուսուցիչներ, դպրոցի բարեկամներ, հրավիրված անձինք: Հաճախ բոլոր մասնակիցների համար տեղ չի լինում, ուշացողները խռնվում են պատի երկայնքով:

Հանդիսությունը կազմված է լինում 2 մասից. առաջինում մեկը մյուսի ետևից ելույթ են ունենում բոլոր դասարանների աշակերտները (բացի ամենափոքրերից), որոնք հանդիսատեսին ցուցադրում են այն, ինչ կարող են, ինչ սովորել են դպրոցում. ասմունքում են, երգում, նվագում, պարում, աճպարարություն անում և այլն: Սրանցից բացի ներկայացնում են տոնի համար հատուկ նախապատրաստված փոքրիկ բեմադրություններ, նմանակումներ, զվարճախաղեր և այլն:

Երկրորդ՝ տոնի ամենասպասվող ու ամենաավանդական մասը, երեխաների (ասենք նաև ծնողների) համար տրվող ներկայացումներն են, որոնցով նախ հանդես են գալիս ամենափոքրերը: Այդ ներկայացումները համատեղ բեմադրում են ուսուցիչները, ծնողները, շրջանավարտներն ու բարձր դասարանցիները: Թեմատիկան միշտ հեքիաթային է, ձմեռային ու Ծննդյան տոներին առնչվող՝ վեհ ու բարի: Տարբեր տարիներին տարբեր բեմականացումներով ներկայացվել են Անդերսենի “Ձյունե թագուհին”, Տոլկիենի “Մեծ Վուտտինի դարբինը”, “Ավետիս” հայկական Ծննդյան հեքիաթը,“ՙՈւլֆիլդուր` Աուլվովների թագուհի” նորվեգական հեքիաթը, Սելմա Լագերլյոֆի “Սուրբ գիշերը”, “Սառցե լեռան ճերմակ պանուհին” չեխական հեքիաթը:

Տյառնընդառաջի (Տրընդեզի) տոնը հեթանոսական արմատներ ունի (սովորաբար նշվում է փետրվարի 13-ին և խորհրդանշում է գարնան զարթոնքից առաջ կրակով մաքրվելը) կապվում է կրակի պաշտամունքի հետ և հնում նվիրված էր Միհր աստծուն: Տոնի նպատակը խարույկի միջոցով արևի ջերմությունն ուժեղացնելը, ցուրտը վանելն էր: Հետագայում տոնը քրիստոնեականացվել է և ստացել Տյառնընդառաջ կամ Տերնընդձեզ անունը:

Ձմռան (Սուրբ Ծնունդ) տոնի ու Գարնան (Զատիկ) տոների միջև դպրոցն արդեն չորրորդ տարին տոնում է Բարեկենդանը: Ավանդաբար այդ տոնակատարությունը երկու մասից  է կազմված: Առաջին մասը՝ երկու դպրոցական օր տրամադրվում է  աշակերտներին, որոնց այդ ընթացքում թույլ է տրվում սրամիտ չարաճճիություններ, կատակներ անել: Գողացված գրատախտակները, առևանգված ուսուցիչները, տնօրենի կաբինետի առջև դպրոցի ադմինիստրացիային սերենադ երգելը, դասերի ուրախ և սրամիտ անցկացումը հենց աշակերտների կողմից նորահաս սերնդի մտահղացումների ու հնարամտությունների ոչ լրիվ, տարեցտարի հարստացող ցանկն է: Իսկ կիրակի օրը դպրոցում կայանում է հիմնական միջոցառումը՝ կարնավալ-դիմակահանդեսը, որի ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ խորհրդավոր, ծիծաղաշարժ ու հետաքրքիր իրադարձություններ՝ խաղեր, պարեր, վիկտորինաներ, փոքրիկ ներկայացումներ, նմանակումներ, պարզապես ուրախ շփումներ ու աշակերտների, շրջանավարտների, ուսուցիչների և մասնակցել ցանկացող ուսուցիչների ժամանց:

Դիմակահանդեսին մասնակցելու իրավունք ունեն միայն ավագ դպրոցի աշակերտները (8-րդ դասարանցիները բացառության կարգով կարող են մասնակցել, եթե անճանաչելիության աստիճանի այլափոխվեն և մուտքի պահին չբացահայտվեն):

Այնուհետև հաջորդում են Գարնան ու Զատկի  տոները: Այդ ընթացքում  “Արեգնազանի” աշակերտներին տրամադրվում է  Զատկական արձակուրդ, որի ընթացքում 1 օր դպրոցը վարձում է մի քանի մեծ ավտոբուսներ ու ամբողջ կազմով, նաև  ակտիվ  ծնողներով, ուղևորվում են Հայաստանի պատմական հուշարձանները, ամենից հաճախ որևէ հայտնի  վանք, որի մատույցներում էլ, բնության գրկում նշվում է հայկական քրիստոնեական տաղավար տոնը: Տոնակատարության  անբաժան մասն են  կազմում ազգային պարերը, խաղերը, արշավները, ծառատունկը:

Ուսումնական տարվա ավարտը նշանավորվում է տոնական միջոցառումներով: Նախ սկսվում է ներկայացումների  շարքը (տես` Պատկերաշար  կայքէջը),  որով դասարաններն ավարտում են ուսումնական տարին: Հունիսի վերջը դպրոցական թատերական շաբաթին է վերապահվում:


Վալդորֆյան մանկավարժության ուսումնամանկավարժական կարևորագույն խնդիրներից մեկն է ավագ դպրոցի աշակերտների մոտ այս կամ այն ոլորտում (երաժշտություն, թատրոն, լուսանկար, կինո, սոցիոլոգիա, զգեստի պատմություն, գրականություն և այլն) ինքնուրույն և ստեղծագործաբար հետազոտական աշխատանքներ կատարելու ընդունակության զարգացումն է: Այդ ստեղծագործական նախագծերը պարտադիր են ավարտական դասարանի համար: Ընտրված թեմայի շուրջ աշակերտները աշխատում են ամբողջ տարվա ընթացքում անհատապես կամ փոքր խմբերով` ունենալով ղեկավար` հանձին ուսուցչի, որը անհրաժեշտության դեպքում խորհրդատվական և տեխնիկական օգնություն է ցուցաբերում սույն նախագիծը իրականացնելու համար: Նախագծերը ներկայացվում են ամբողջ դպրոցին ուսումնական տարվա ավարտին:
Ինքներդ  դատեցեք՝

Ավարտական վկայականների  ու խմբանկարների հանձնումը նույնպես հետզհետե վերածվեց համադպրոցական խոշոր միջոցառման, որով և կրթահամալիրը հրաժեշտ է տալիս իր շրջանավարտներին: Հրաժեշտի ծրագիրը կարող է լինել  բազմազան. Բոլոր դասարանները նվիրում են շրջանավարտներին հատուկ այդ օրվա համար պատրաստված երաժշտական կամ կրկեսային համարներ, փոքրիկ բեմադրություններ, կատակախաղեր (սկետչներ), երգեր: Գեղարվեստական մասի վերջում ուսուցիչները հանդիսավոր պայմաններում շրջանավարտներին հանձնում են ավարտական վկայականներն ու խմբանկարները: Ողջերթի խոսքեր ուղղում են տնօրենը, դասղեկները և դասարանի ցանկացած ուսուցիչ:

September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930