Categories: Uncategorized

Երկար սպասված ծրագրեր

Published on: 21.10.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Վերջապես “Արեգնազան” կրթահամալիը, ամփոփելով իր համարյա 20-ամյա մանկավարժական փորձը, ՀՀ ԿԳ նախարարությանը ներկայացրեց հիմնական դպրոցի առարկայական իր այլընտրանքային ծրագրերը: Ծրագրերը հանձնվեցին ԿԱԻ (Կրթության ազգային ինստիտուտ) փորձաքննության, որտեղ առարկայական մասնախմբերում փորձառու մեթոդիստները քննեցին դրանք և տվեցին իրենց դրական եզրակացությունները, այսինքն կարելի է ասել, ընդունվեցին և դրական գնահատվեցին մեր մանկավարժական փորձի արդյունքները, և այսուհետ` սկսած 2012 ուստարուց, կրթահամալիրը կաշխատի իր` պետության կողմից հաստատված այլընտրանքային ծրագրով:

Հատկանշական է, որ ծրագրերի գրման գործընթացը ևս ձեռքբերումների  անընդհատական շրջան էր. շուրջ մեկ տարի մի սևեռուն հայացք ուղվեց անցյալ բոլոր տարիների գործունեությանը, դասավանդման ընթացքում և հետագայում նկատված բացթողումներին և ձեռքբերումներին, վալդորֆյան մեթոդով պայմանավորված մանկավարժական մի շարք հնարքների մեր կրթական համակարգում տեղայնացման և ազգային առանձնահատկությունների դրսևորման խնդիրներին, ծրագրային նյութերի վերաբաշխմանը`տարիքային հոգեբանությամբ պայմանավորված:

Միևնույն ժամանակ “Արեգնազան” կրթահամալիրի մանկավարժական կազմը լրջորեն հետևում էր ՀՀ հանրակրթական պետական չափորոշչին և ծրագրային պահանջներին և ուրախությամբ պարզում, որ վերջին տարիներին հանրակրթության ոլորտում տեղի ունեցող ծրագրային տեղաշարժերը ընթանում են նույն մտայնությամբ, որով առաջնորդվում է “Արեգնազան” կրթահամալիը. ծրագրային նյութերը համապատասխանեցնել տարիքին, փորձից գալ տեսության և ապահովել կրթական գործընթացի կենսականությունը:

Պատասխան այց Թիֆլիս

Published on: 04.09.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

2011 թվականի սեպտեմբերի սկզբներին երևանյան վալդորֆյան դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների խումբը պատասխան այցով ուղևորվեց Թիֆլիս՝ վրացի գործընկերների հետ ծանոթությունը շարունակելու և համատեղ գործունեության ծրագրերը տեղում քննարկելու համար: Քանի որ մեր՝ «Արեգնազան» կրթահամալիրում ուսումնական տարին արդեն սկսվել էր, ուղևորությանը կարողացավ մասնակցել միայն երեք մանկավարժ: Սակայն դա չխանգարեց հանդիպման արդյունավետությանը և որ ամենակարևորն է` փոխշփման շարունակականությանը, որի կարիքը կարծես թե երկու կողմերն էլ չափազանց շատ էին զգում:

Հանդիպումը սկսվեց տոնից: Մեր պատվիրակության ժամանման օրը`սեպտեմբերի  3-ին, Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի շրջանավարտները հանդես եկան վրացական երգերի ու  պարերի համերգային կատարումով: Այդ ծրագրով նրանք մեկ օր  անց պետք է մեկնեին Գերմանիա:

Հաջորդ օրը մեզ ներկայացրին Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի հիանալի շենքը, որի կառուցումը վրացի մեր գործընկերները կարողացել են իրականացնել սեփական նախագծով և, ինչպես ասում են, իրենց «ճաշակով ու գույնով»:

Կոկիկ, գեղեցիկ, խնամված դպրոցը մոտ ապագայում սպասում է իր սեփականաշնորհմանը, որը մենք ի սրտե ցանկանում ենք:

Հաջորդող երկու օրերի ընթացքում մենք մի շարք գործնական հանդիպումներ ունեցանք մեր վրացի գործընկերների հետ, հանգամանորեն քննարկեցինք համատեղ միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես որոշվեց`

  1. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում աշակերտների փոխանակումներ կատարել (մեր 11-րդ դասարանի ու իրենց 10-րդ դասարանի միջև):
  2. 2012 թվականի գարնանը մեր երկու դպրոցների նախաձեռնությամբ կազմակերպել և անցկացնել անդրկովկասյան վալդորֆյան մանկավարժների բանաժողով՝ Քասել քաղաքի վալդորֆյան մանկավարժական սեմինարի մասնակցությամբ ու հովանավորությամբ:

Ուղևորության աշխատանքային մասը մեր հյուրընկալ վրացի գործընկերները ամեն կերպ ջանում էին «համեմել» շրջապտույտներով ու մշակութային միջոցառումներով: Մենք հայտնվել էինք մի հրաշալի քաղաքում՝ Թիֆլիսում, որը վերջին ժամանակներում խիստ փոխվել է, դարձել է է՛լ ավելի գեղեցիկ և խնամված:


Եղանք Վրաստանի հին մայրաքաղաքում`Մցխեթում, ինչպես նաև խաղաղ ու վեհաշուք Զարզմայի (Զեդազենի) վանքում:

Վրաստանում չորս օր անցկացնելուց  հետո հարուստ տպավորություններով վերադարձանք Հայաստան ու  գրեթե անմիջապես սկսեցինք նախապատրաստվել Թիֆլիսի վալդորֆյան  դպրոցի 10-րդ դասարանցիների հյուրընկալությանը, որը կկայանա հոկտեմբերի վերջերին:

Դարիկ երկրամասը

Published on: 28.06.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Վալդորֆյան ուսումնական ծրագրի սահմաններում ենթադրվում է գյուղատնտեսական պրակտիկայի իրագործում յոթերորդ դասարանում: Եվ ահա այս տարի (12.07.2011-26.07.2011) առաջին անգամ յոթերորդ դասարանին հաջողվեց իրագործել այդ ոչ այնքան հեշտ, բայց քաղաքային երեխաներին այդքան անհրաժեշտ ուղևորությունը հեռավոր Դարիկ` Հայաստան աշխարհի սահման (հյուսիս գնաս` Վրաստան կընկնես, արևմուտք գնաս` Թուրքիայում կհայտնվես): Դասարանի ուսուցչի` տիկին Անահիտի կողմից հստակ ձևակերպվել էին հետևյալ խնդիրները.

1. Աշակերտներին հնարավորություն տալ ոչ միայն կողքից դիտարկելու գյուղական կյանքը, այլև դառնալու լիարժեք մասնակիցն այն ամենի, ինչ կատարվում էր շուրջը: Դասարանը բաժանվել էր երեք խմբի: Առաջին խումբը վաղ առավոտից (արթնանում էին ժամը 6-ին) գլխավոր ֆերմերուհի Իրինայի առաջնորդությամբ մինչև ծունկը հասնող ռետինե կոշիկներով գնում էր գոմ, ձիանոցներ, մաքրում էր մասնաբաժինները, կերակրում կենդանիներին:


Երկրորդ խմբի պարտականությունն էր կերակրել կովկասյան 13 գամփռներին` ֆերմայի հավատարիմ պահապաններին` Արփի, Աստղիկ, Ածուխ, Լորիկ և Բարութ,….. անուններով:

Երրորդ խմբին էր հանձնվում խոհանոցը. լիարժեք մասնակցություն ճաշի պատրաստմանը, ափսեների լվացում, խոհանոցի մաքրություն: Հենց այս խումբն էր մաքրում նաև ամբողջ տունը: Խմբերն ամեն օր փոխվում էին տեղերով:

2.  Երկրորդը այս տարիքի համար ոչ պակաս կարևոր սոցիալական խնդիրն է: Հնարավորություն տալ աշակերտներին իրենց համար բավականին անսովոր պայմաններում լուծում գտնել հաղորդակցման հետ կապված խնդիրներում: Բացահայտվեցին բոլոր եղած, բայց երբեմն անտեսանելի կոնֆլիկտային փոխհարաբերությունները: Եվ գտնվում էին լուծումներ, որոնք անշուշտ կօգնեն դասարանին հետագա կյանքում:

Նշված խնդիրների լուծմանը զուգահեռ անցկացվել է նաև երկրաչափության դասափուլ, որի ընթացքում աշակերտները ծանոթացան Պյութագորասի կյանքին և Կրետոնում նրա հիմնած հայտնի դպրոցին: Տեսանելի, թելերի և քարերի միջոցով գծվեց Պյութագորասի հայտնի թեորեմը, որը երեխաները դժվար թե երբևէ մոռանան: Միայն գամերի և թելերի միջոցով չափվում էին նաև հսկայական դաշտերի մակերեսներ:

Եվս մեկ կարևոր ձեռքբերում է հաց թխելը: Հաց էին թխում լրջորեն, իրական, համեղ հաց: Ինչ սիրով և քնքշությամբ էին նրանք խմորը հունցում, ինչ հաճույքով էին հետո նրանք ուտում այդ հացը` որպես աշխարհի ամենահամեղ սնունդ:




Տքնելով ինչպես հարկն է՝ երեխաներն, իհարկե, ունեին նաև հանգստի ժամանակ:


Ուղևորությունը Դարիկ ավարտվեց: Չարդարացան որոշ ծնողների կանխագուշակումներն այն մասին, որ իրենց երեխաները կհիվանդանան, կկորեն, կկոտրեն վերջույթները, կմեռնեն սովից: Երևի Դարիկի առաքելությունն է նվիրել`“дарить”, և մենք շնորհակալ ենք Դարիկին և նրա բնակիչներին` հատկապես Իռային և Լիլյային, այս անմոռանալի նվերի համար:

page 14 of 15
November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930