ՀՏՀ (FAQ)

Comments: Comments Off on ՀՏՀ (FAQ)

Վալդորֆյան մանկավարժության հիմնադիրը համարվում է Ռ. Շտայները, ով միաժամանակ հանդիսանում է անտրոպոսոֆիայի հիմնադիրը: Վալդորֆյան դպրոցներում որևէ ձևով անտրոպոսոֆիան դասավանդվո՞ւմ է:

Անմիջապես ասենք՝ վալդորֆյան մանկավարժությունն ուղղորդված է նախապաշարումներով ու դոգմաներով չկաշկանդված ազատ անհատի դաստիարակությանը՝ անհատ, ով ինքն է ընտրում իր կյանքի ուղին ու ինքնուրույն որոշում կենսական պրիորիտետները: Նախօրոք թելադրված գաղափարական  ոչ մի հրահանգավորումների ու թելադրանքների մասին խոսք լինել չի կարող: Այսինքն՝ անտրոպոսոֆիան որևէ ձևով չի կարող դասավանդվել վալդորֆյան դպրոցի շրջանակում: Այդ դպրոցների առջև նման նպատակ երբեք  չի դրվել:

Այսպիսով՝ վալդորֆյան մանկավարժությունը հանդիսանում է առանձնահատուկ մեթոդ, այսինքն դասավանդման ձև, բայց երբեք ոչ բովանդակություն: Աշակերտներին դասավանդվում են սովորական դպրոցների նույն առարկաները: Սրանց գումարվում են որոշ հատուկ առարկաներ ու կատարվում են առանձնակի շեշտադրումներ, որոնք զուտ մանկավարժական նկատառումներ ունեն և իրենց արդարացրել են: Վալդորֆյան մանկավարժության բովանդակությունը պետության կողմից հաստատված և ընդունած վալդորֆյան ուսումնական ծրագիրն է:

Վալդորֆյան դպրոցները աղանդավորակա՞ն են կամ աղանդավորության հետ  առնչություններ ունե՞ն:

Նախորոք արձանագրենք, որ վալդորֆյան մանկավարժությունը ոչ մի կապ չունի ոչ մի տեսակի աղանդավորության հետ:

Սակայն, այս հարցը, ակտիվորեն բազմացող զանազան աղանդների, մարդկանց հոգևորսության, մանիպուլյատիվ տեխնոլոգիաների ակնհայտ կամ թաքուն զարգացման և այլնի համապատկերում իրավացիորեն ծագում է շատ ծնողների մոտ: Նրանց բնական անհանգստությունը նաև բարենպաստ հող է ստեղծում այն հերյուրանքների համար, որոնք տարածում են չարակամները կամ ուղղակի անտեղյակները: Ահա թե ինչու սոցիալական գործունեության՝ ինչպես մանկավարժության, այնպես էլ տարբեր այլ ոլորտներում ոչ ավանդական մոտեցումներն ու լուծման փորձերը հեշտությամբ հարուցում են ինչ-որ բան “այնպես” չլինելու վախ ու կասկած: Դեռ լավ է, եթե մարդու մտքում հարց է ծագում, որին նա իրավունք ունի ադեկվատ պատասխան ակնկալելու, այլ ոչ թե նախապաշարում, որն իսկույն ևեթ փակում է դեռ չարծարծված թեման:

Մեր ազգային առանձնահատկությունը առողջ պահպանողականություն ծնած ավանդականությունն է ու կապը ավանդական արժեքների հետ, որոնց վրա հարյուրամյակներ շարունակ հենվել է մեր ժողովրդի ինքնագիտակցությունը: Ու չնայած ժամանակակից հասարակությունում ավանդական կապերը թուլանում են, այնուամենայնիվ մեզանում դրանք բավանանաչափ ամուր են ու որոշ առումով պատնեշում են արտաքին ազդեցությունները, որոնք, ինչ խոսք, միշտ չէ, որ միանշանակ դրական են: Այս համապատկերում արտաքին համակարգերից ստացված յուրաքանչյուր նորամուծություն, հատկապես, եթե ունի արժեքային-աշխարհահայացքային բնույթ, հաճախ ընդունվում է հակակրանքով, աղանդավորության ապրիորի  կասկածներով: Ահա թե ինչու մեր հասարակությունում սովորականից հաճախ են նման մեղադրանքներ հնչում:

Ցավոք, դրանից մեր դպրոցն էլ չկարողացավ խուսափել: Ժամանակին մենք ստիպված եղանք պայքարել չարակամների դեմ, որոնք թեթև ձեռքով վճռեցին դպրոցին և կիրառվող մեթոդին “աղանդավորություն” պիտակը փակցնել: “Արեգնազանը” կարողացավ պաշտպանվել ու ապացուցել, որ վալդորֆյան մանկավարժությունը ցանկացած բնույթի աղանդավորության հետ ամենաչնչին առնչությունն իսկ չունի: Վալդորֆյան մանկավարժության թշնամիների կոպիտ գռեհկացումները, անտեղյակությունն ու անիրազեկությունը մեկ անգամ չէ որ ի ցույց են դրվել: Այնուամենայնիվ պիտակների ու կարծրատիպերի կպչունությունը բոլորին քաջ  հայտնի է: Մարդիկ, ըստ էության չիմանալով, թե ինչի մասին է խոսքը, ինչ-որ ժամանակ ինչ-որ բան լսած լինելով, վախվխելով տալիս են վերևում ձևակերպված հարցը:

Ուշագրավ է, որ այդքան տարիների ընթացքում դպրոցը աղանդավորության տարածման մեջ  մեղադրել փորձողների մեջ ոչ մի ծնող չի եղել: “Արեգնազանը”  արդեն բազմաթիվ շրջանավարտներ (տես՝ “Դպրոցի շրջանավարտները” կայքէջը), ովքեր հաջողությամբ ավարտել են դպրոցը, մեծ մասամբ իրենց ուսումը շարունակել բուհերում ու որևէ կրոնական կամ աղանդավորական հակումներ ի հայտ չեն բերել: Այս համապատկերում միանշանակ ակնհայտ է դառնում դպրոցը վարկաբեկել փորձողների անձական, մանրախնդիր շահագրգռվածությունը: Ընդ որում նրանցից ոչ մեկը չի բարեհաճել գոնե մի անգամ այցելել “Արեգնազան”, հանդիպել ուսուցիչներին, աշակերտներին ու նրանց ծնողներին,  դասերին ներկա լինել՝ այսինքն հանդես գալ որպես ՙ վալդորֆյան դպրոց՚ երևույթի ազնիվ ու անշահախնդիր    պրպտող:

Առավել  համոզվածության համար Երևանի “Արեգնազան”  դպրոցը (այն ժամանակ այն իրենից առանձին դասարաններ էր ներկայացնում Գարեգին Հովսեփյանի անվան թիվ 30 դպրոցի շրջանակներում) իր ժամանակին դիմել էր գերմանական դեսպանություն և խնդրել մանկխորհրդին տրամադրել համապատասխան բացատրական փաստաթուղթ, որը մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը (գերմաներեն բնագիրը ներկայացվում այստեղ):

Գերմանական դեսպանության առաջընթեր  էջ
Երևան, 8-ը սեպտեմբերի, 2000 թ.
Հայաստանում ԳՖՀ-ի դեսպանություն

Հարգելի տիկնայք ու պարոնայք,
Ձեր՝ 2000 թվականին սեպտեմբերի 7-ի հարցման կապակցությամբ հայտնում եմ Ձեզ, որ առաջին վալդորֆյան դպրոցները ստեղծվել են ներկա դարի սկզբում Շտուտգարդում ու նրա մարզում (Գերմանիա): Այն ժամանակվա նպատակը բանվորական միջավայրի երեխաներին նույնպես կրթության հնարավորություն  տալն է եղել: Պետության սահմանած  ուսումնական նպատակներին զուգահեռ այստեղ ուշադրություն է դարձվում երեխաների՝ արվեստների ու արհեստների բնագավառներում կարողությունների զարգացմանը:

Այսօր վալդորֆյան դպրոցներ գործում են ամբողջ աշխարհում՝ ավելի քան 50 երկրներում: Միայն Գերմանիայում նման դպրոցների թիվը, որոնք գտնվում են մասնավոր ոլորտում, հասնում է 200-ի: Վերջինները պետական աջակցություն են ստանում: Հիմնական  դպրոցի (աբիտուրա) ավարտական վկայականը պետությունն ընդունում է: Ուսումնական նպատակները համապատասխանում են գերմանական երկրների մշակույթների նախարարությունների սահմանած չափորոշիչներին:

Վալդորֆյան դպրոցները որևէ գաղափարախոսական կամ կրոնական նպատակ չեն հետապնդում: Այդ դպրոցներում խոսքը նախ և առաջ դասավանդման առանձնահատուկ մեթոդական-դիդակտիկական  ձևերին է  վերաբերում:  Դրանից բացի՝ վալդորֆյան դպրոցները հանդիսանում են Եվրոխորհրդարանին կից կրթական համակարգում՝ հանուն ազատության եվրոպական ներկայացուցչական ժողովի համահիմնադիրները:

Հույս ունեմ, որ սույն տեղեկանքը կօգնի Ձեզ: Հարցեր ծագելու դեպքում ցանկացած ժամանակ Ձեր տրամադրության տակ եմ:

Բարեկամական ողջույններով՝
Հանձնարարությամբ
Դեսպանության երրորդ քարտուղար՝
Ուտե Ավերեշ:

Ստորագրություն, կնիք

Ասվածն ամփոփենք՝ խոսքը տալով  հայ մտավորականության ներկայացուցիչներին, որոնց դժվար է մեղադրել աղանդավորության կամ ազգային շահերի դավաճանության մեջ:

2001 թ.-ի հունիսի 13-ին “Նովոյե վրեմյա” թերթում ռուսերեն և հունիսի 16-ին “Առավոտ” թերթում հայերեն՝ “Նորին միշտ ել վիճակված է “փշե ճանապար” խորագրով՝ ի պաշտպանություն վալդորֆյան մանկավարժության տպագրվել է հոդված՝ գիտության ու մշակույթի գործիչների բաց նամակը՝ http://waldorf.am/wp-content/uploads/Ternovyjput_resize.jpg

Ի՞նչ կապ կա մարդաիմացաբանության ու վալդորֆյան մանկավարժության միջև:

Վալդորֆյան մանկավարժությունը բիոդինամիկ գյուղատնտեսության, էվռիթմիայի, անտրոպոսոֆական բժշկության (Գերմանիայում նման բազմաթիվ հիվանդանոցներ են գործում, օրինակ Ֆիլդերշտատում՝ www.filderklinik.de) բանկային գործի (GLS բանկը ԳՖՀ-ում. www.gls.de) բուժական մանկավարժության, արտասանական ու դրամատիկական արվեստների (Միխայիլ Չեխովի համակարգը), ֆիրմաների (օրինակ՝ Հոլանդիայի “NPI-ի՝ կազմակերպված զարգացման ինստիտուտի”) սոցիալական ու կոնֆլիկտային խորհրդատվության ծառայությունների և այլ ասպարեզների հետ մեկտեղ հանդիսանում է Ռ. Շտայների ամբողջ կյանքի կամ երկար  տարիների արդյունավետ գործունեության արգասիքն ու  հիմնվում է նրա ավելի քան 30 գրքերում ու բազմաթիվ դասախոսություններում արտացոլված գաղափարների, մարդասիրական աշխարհայացքի վրա: Նրա սկզբնավորած իմացաբանության նոր ուղղության՝ “անտրոպոսոֆիա” բառի իմաստը՝ որ ինքն է առաջարկել՝ նշանակում է իմաստություն մարդու մասին:

Վալդորֆյան դպրոցները հանդիսանո՞ւմ են առաջին հերթին հետ մնացող կամ հատուկ կարիքներ ունեցող երեխաների  կրթարաններ:

Նախքան պատասխանելը մենք միշտ ձգտում ենք հասկանալ դրդապատճառները, որոնք նման հարց են ծնում: Նախ՝ վալդորֆյան մանկավարժությունը ոչ թե առավելություն, ավելի շուտ վնասակար է համարում սովորական, հատկապես տարրական դպրոցների աշակերտների վաղ և արագացված ինտելլեկտուալիզացումը,  ուստի գիտակցաբար՝ արհեստականորեն դանդաղեցնում է զուտ ինտելլեկտուալ ձևով առարկաների դասավանդումը: Այդ պատճառով վալդորֆյան դպրոցների աշակերտները ձևական գիտելիքների կուտակման առումով կարող են ժամանակավորապես, մասամբ հետ մնալ ավանդական դպրոցի աշակերտներից, նրանցից առաջ անցնելով այլ ասպարեզներում: Փորձը ցույց է տալիս, սակայն, որ այդ հետ մնալը հետագայում լիովին արդարացնում է իրեն (տես՝ “Դպրոցի շրջանավարտները” կայքէջը):

Բացի դրանից, ելնելով մարդասիրական սկզբունքներից՝ վալդորֆյան դպրոցները հաճախ գործում են ինտեգրատիվ մանկավարժության սկզբունքով՝ տարբեր դասարաններ ընդունելով մտավոր թեթև հետամնացությամբ սահմանափակ թվով երեխաների, որոնք հատուկ բուժական մանկավարժության մոտեցման կարիք են ունենում: Ինտեգրատիվ  մոտեցումը (մանրամասն նայիր այստեղ) ավելի հաճախ կիրառվում է այն երկրներում, որտեղ չեն բավականացնում զուտ բուժմանկավարժական հաստատությունները: Որոշ դպրոցներ ինտեգրատիվ մանկավարժության մեթոդները կիրառում են բացառապես դաստիարակչական նպատակներով, առողջ երեխաներին սովորեցնելով ճիշտ, մարդասիրական մոտեցում ցուցաբերել հետ մնացող երեխաների նկատմամբ, նրանց օգնել: Այդպիսի հետ մնացող 2-3 աշակերտների առկայությունը յուրաքանչյուր վալդորֆյան դասարանում կարող է կողմակի մարդկանց թյուրիմացության մեջ գցել ու սխալ եզրակացության հանգեցնել:

Ամփոփագիր

Այսպիսով, վալդորֆյան դպրոցները նորմալ երեխաների համար դաստիարակության առանձնահատուկ մեթոդիկայով նորմալ դպրոցներ են, որոնք չեն ձգտում ուսուցման վաղ ինտելեկտուալիզացիայից: Ելնելով մարդասիրական ու մանկավարժական նկատառումներից՝ այդ դպրոցի ինտեգրատիվ դասարանները կարող են հաճախել մտավոր թեթև հետամնացությամբ երեխաներ: Վալդորֆյան դպրոցներում ուժեղացված է հումանիտար առարկաների դասավանդումը:

November 2017
M T W T F S S
« Oct    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930