Ինչպես մեր 11-րդ դասարանցիներն ընդունեցին Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի 10-րդ դասարանցիներին

Published on: 10.11.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Հայ մանկավարժների սեպտեմբերյան միակ այցը Թիֆլիս, վրացի գործընկերների հետ միակ համատեղ որոշումը բավական եղավ, որպեսզի ամենամոտ հարևանների մտերմանալու երկկողմանի ցանկությունը մոտ լինի իրականացմանը: Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի 10-րդ դասարանցիները դառնալու էին մեր 11-րդ դասարանցիների՝ այսինքն Երևանի վալդորֆյան ամբողջ դպրոցի հյուրը: Ինչպես ընդունված է ասել՝ բարի գալուստ:

Հոկտեմբերը, սակայն, սարերի ետևում չէր, ծրագիրը մշակելու, նախապատրաստելու ու համաձայնեցնելու համար այնքան էլ շատ ժամանակ չէր մնում: Դպրոցի նախաձեռնող խումբը կարճ ժամանակում համախմբվեց ու հաղթահարելով պասիվ հայեցողականության հակումը, իրեն ոչ բնորոշ փութկոտությամբ գործի անցավ:

Վերջապես հասավ հանդիսավոր օրը: Հոկտեմբերի 30-ին, Բագրատաշեն գյուղի մատույցներում հայկական կողմի  2 մանկավարժներ ու 4 աշակերտներ մի ամբողջ դասարան դիմավորեցին, որին ուղեկցում էին 2 ուսուցիչներ, ծնող և 2 վարորդ:

Բնությունը վատ եղանակ չունի, բայց Սևանի ու  Դիլիջանի ձյունը, սառնամանիքը, մառախուղը արեցին իրենց «սև գործը»: Այդ պատճառով էլ զբոսապտույտը Դիլիջանով Սևան չկայացավ: Ճանապարհը մեզ տարավ Լոռի: Մենք,  շրջանցելով սողանքի խորխորատը, հայտնվեցինք Հաղպատում, այցելեցինք վանական համալիրը, ուղիղ Լոռվա կիրճին նայող գյուղական տան պատշգամբում թեյ խմեցինք: Այնուհետև, առանց կանգառների, ուղևորվեցինք Երևան:

Այդ ժամանակ Երևանում մեր 11-րդ դասարանցիները սպասում էին հյուրերին: Բուֆետում համեղ կերակուր էր պատրաստվում, որն ավանդաբար անհամեմատ շատ էր, քան կարող էին ընդունել բոլոր ժամանողների չափազանց քաղցածացած ստամոքսները:

Վրաստանի դպրոցականները ամբողջ 6 օր պիտի անցկացնեին Հայաստանում: Ծրագրով նախատեսնված էին համատեղ պարապմունքներ դպրոցում (առանձնակի հաջողություն ունեցան հոգեբանության փորձարարկան դասերը), նախագծերի մշակում, ծանոթացում Հայաստանին: Երեխաները պիտի ապրեին ընտանիքներում՝ շնորհակալություն մեր ծնողներին:

Վրացի դպրոցականների այցելությունը նշանավորվեց մի շարք հետաքրքիր իրադարձություններով,  որոնցից մեկը բասկետբոլի խաղն էր: Պարզվեց՝ վրացական թիմը վատ չի խաղում: Ցուցադրելով տեխնիկապես հագեցած ու փոխհամաձայնեցված խաղ, որը զարմացրեց նորվեգացիներին  հաղթելուց հետո ավելորդ  ինքնավստահությամբ համակված հայկական թիմին, վրացի դպրոցականները արագ առաջ նետվեցին ու, չնայած հայկական թիմի մրցակցությունը հավասարեցնելու բոլոր փորձերին, խաղը հաղթական ավարտին հասցրին: Այնուամենայնիվ, մեր թիմը  ուժեղ մրցակցի հետ խաղում բեկում մտցնելու ձգտումը մինչև վերջ պահպանեց:

Խոհարարական հանելուկախաղին հիմնականում մասնակցում էին աղջիկները: Մեր 11-րդ դասարանի թիմը հանդես եկավ համախմբված ու վրացիներին, որոնք հայտնի են իրենց նրբաքիմք կերակրատեսակներով ու խոհարարական յուրահատկություններով, իսկական ճակատամարտ տվեց:


Այնումենայնիվ, չնայած հավասար արդյունքին, մրցակցության, համերաշխության ու բարեկամության ոգին առաջին անգամ հենց խոհարարական հանելուկախաղի ժամանակ իրեն զգացնել տվեց:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Վրաստանին նվիրված երեկոն, որն սկսվեց մեր 8-րդ դասարանցիների կրկեսային գեղեցիկ կատարումներով: Տոնական տրամադրությունը շարունակեցին  հյուրերը՝ դահլիճը ողողեցին վրացական բազմաձայն երգի մեղեդիները: Մանկական երգերին մերթընդմերթ հաջորդում էին կովկասյան վառ ու վարակող պարերը: Վրացական պարերից իր թափով ու վեհությամբ տպավորեց մարտական պարը, որը վաղնջական ժամանակներում ռազմիկները կատարել են ճակատամարտից առաջ:

Թիֆլիսի մեր գործընկերների՝ վրացական «Խորումին» ու հայկական «Քոչարին» մեկ միասնական պարով ներկայացնելու հիանալի գաղափարը, ամենայն հավանականությամբ, ժամանակի սղության պատճառով  չիրականացավ, ու մեր 11-րդ դասարանցիները իրենց վրացի հասակակիցներին աջակցեցին հայկական ժողովրդական «Քոչարի»,  «Ծաղկաձոր», «Թամզարա» պարերով:

Հյուրընկալության 6 օրերի ընթացքում երկու զբոսապտույտներ կազմակերպվեցին՝ նախ Էջմիածին, ապա Գառնի ու Գեղարդ: Հյուրերը եղան նաև Պատմական թանգարանում, Մատենադարանում, Փարաջանովի տուն-թանգարանում:

Ստեղծագործական նախագծերի սկիզբ հանդիսացավ «Internews» կազմակերպության գրասենյակում կազմակերպված՝ «Ինչպե՞ս շարժանկար նկարահանել» թեմայով workshop-ը: Զուգահեռաբար լուսանկարչական նախագծի workshop կայացավ: Մոտ ապագայում մենք կիմանանք նախագծերի ավարտի մասին:

Հրաժեշտը ոչ ձևական, հուզիչ էր: Առաջիկայում, սակայն, պատասխան  փոխայցն է: Շփումները կշարունակվեն: Անհրաժեշտ է լավ նախապատրաստվել գարնանը: Տեսնենք ի՞նչ ծրագիր են մշակելու մեր վրացի գործընկերները:

Երկար սպասված ծրագրեր

Published on: 21.10.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

Վերջապես “Արեգնազան” կրթահամալիը, ամփոփելով իր համարյա 20-ամյա մանկավարժական փորձը, ՀՀ ԿԳ նախարարությանը ներկայացրեց հիմնական դպրոցի առարկայական իր այլընտրանքային ծրագրերը: Ծրագրերը հանձնվեցին ԿԱԻ (Կրթության ազգային ինստիտուտ) փորձաքննության, որտեղ առարկայական մասնախմբերում փորձառու մեթոդիստները քննեցին դրանք և տվեցին իրենց դրական եզրակացությունները, այսինքն կարելի է ասել, ընդունվեցին և դրական գնահատվեցին մեր մանկավարժական փորձի արդյունքները, և այսուհետ` սկսած 2012 ուստարուց, կրթահամալիրը կաշխատի իր` պետության կողմից հաստատված այլընտրանքային ծրագրով:

Հատկանշական է, որ ծրագրերի գրման գործընթացը ևս ձեռքբերումների  անընդհատական շրջան էր. շուրջ մեկ տարի մի սևեռուն հայացք ուղվեց անցյալ բոլոր տարիների գործունեությանը, դասավանդման ընթացքում և հետագայում նկատված բացթողումներին և ձեռքբերումներին, վալդորֆյան մեթոդով պայմանավորված մանկավարժական մի շարք հնարքների մեր կրթական համակարգում տեղայնացման և ազգային առանձնահատկությունների դրսևորման խնդիրներին, ծրագրային նյութերի վերաբաշխմանը`տարիքային հոգեբանությամբ պայմանավորված:

Միևնույն ժամանակ “Արեգնազան” կրթահամալիրի մանկավարժական կազմը լրջորեն հետևում էր ՀՀ հանրակրթական պետական չափորոշչին և ծրագրային պահանջներին և ուրախությամբ պարզում, որ վերջին տարիներին հանրակրթության ոլորտում տեղի ունեցող ծրագրային տեղաշարժերը ընթանում են նույն մտայնությամբ, որով առաջնորդվում է “Արեգնազան” կրթահամալիը. ծրագրային նյութերը համապատասխանեցնել տարիքին, փորձից գալ տեսության և ապահովել կրթական գործընթացի կենսականությունը:

Պատասխան այց Թիֆլիս

Published on: 04.09.2011
Categories: Uncategorized
Comments: No Comments

2011 թվականի սեպտեմբերի սկզբներին երևանյան վալդորֆյան դպրոցի մանկավարժական խորհրդի անդամների խումբը պատասխան այցով ուղևորվեց Թիֆլիս՝ վրացի գործընկերների հետ ծանոթությունը շարունակելու և համատեղ գործունեության ծրագրերը տեղում քննարկելու համար: Քանի որ մեր՝ «Արեգնազան» կրթահամալիրում ուսումնական տարին արդեն սկսվել էր, ուղևորությանը կարողացավ մասնակցել միայն երեք մանկավարժ: Սակայն դա չխանգարեց հանդիպման արդյունավետությանը և որ ամենակարևորն է` փոխշփման շարունակականությանը, որի կարիքը կարծես թե երկու կողմերն էլ չափազանց շատ էին զգում:

Հանդիպումը սկսվեց տոնից: Մեր պատվիրակության ժամանման օրը`սեպտեմբերի  3-ին, Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի շրջանավարտները հանդես եկան վրացական երգերի ու  պարերի համերգային կատարումով: Այդ ծրագրով նրանք մեկ օր  անց պետք է մեկնեին Գերմանիա:

Հաջորդ օրը մեզ ներկայացրին Թիֆլիսի վալդորֆյան դպրոցի հիանալի շենքը, որի կառուցումը վրացի մեր գործընկերները կարողացել են իրականացնել սեփական նախագծով և, ինչպես ասում են, իրենց «ճաշակով ու գույնով»:

Կոկիկ, գեղեցիկ, խնամված դպրոցը մոտ ապագայում սպասում է իր սեփականաշնորհմանը, որը մենք ի սրտե ցանկանում ենք:

Հաջորդող երկու օրերի ընթացքում մենք մի շարք գործնական հանդիպումներ ունեցանք մեր վրացի գործընկերների հետ, հանգամանորեն քննարկեցինք համատեղ միջոցառումների ծրագիրը: Մասնավորապես որոշվեց`

  1. Ընթացիկ ուսումնական տարվա ընթացքում աշակերտների փոխանակումներ կատարել (մեր 11-րդ դասարանի ու իրենց 10-րդ դասարանի միջև):
  2. 2012 թվականի գարնանը մեր երկու դպրոցների նախաձեռնությամբ կազմակերպել և անցկացնել անդրկովկասյան վալդորֆյան մանկավարժների բանաժողով՝ Քասել քաղաքի վալդորֆյան մանկավարժական սեմինարի մասնակցությամբ ու հովանավորությամբ:

Ուղևորության աշխատանքային մասը մեր հյուրընկալ վրացի գործընկերները ամեն կերպ ջանում էին «համեմել» շրջապտույտներով ու մշակութային միջոցառումներով: Մենք հայտնվել էինք մի հրաշալի քաղաքում՝ Թիֆլիսում, որը վերջին ժամանակներում խիստ փոխվել է, դարձել է է՛լ ավելի գեղեցիկ և խնամված:


Եղանք Վրաստանի հին մայրաքաղաքում`Մցխեթում, ինչպես նաև խաղաղ ու վեհաշուք Զարզմայի (Զեդազենի) վանքում:

Վրաստանում չորս օր անցկացնելուց  հետո հարուստ տպավորություններով վերադարձանք Հայաստան ու  գրեթե անմիջապես սկսեցինք նախապատրաստվել Թիֆլիսի վալդորֆյան  դպրոցի 10-րդ դասարանցիների հյուրընկալությանը, որը կկայանա հոկտեմբերի վերջերին:

page 15 of 17
January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031