Ճանապարհորդություն դեպի Վրաստան․ 2014 թ․

Published on: 18.06.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

Ամեն ինչ սկսվեց 3 տարի առաջ, երբ 2 «Վալդորֆյան» դպրոցներ որոշեցին բարեկամական հարաբերություններ հաստատել։ Սկսվեցին դասարանական այցեր, մշակույթների ուսումնասիրություններ, և շնորհիվ՝ այդ ամենի երկու հարևան ժողովուրդ սկսեցին միմյանց ավելի լավ ճանաչել։ Այս տարի հերթը մերն էր։ Մենք էինք այս տարվա 11րդ դասարանը, որը պետք է ներկայացներ իր երկիրն ու մշակույթը Վրաստանում։

Մայիսի 4-ին ամբողջ դասարանը հավաքվել էր դպրոցի մոտ և անհամբեր սպասում էր, թե երբ վերջապես ծնողները մեզ 1 շաբաթով հանգիստ կթողնեն։ Քանի որ նրանք մեզ շատ են սիրում, մենք 2։30-ի փոխարեն ճանապարհ ընկանք 3-ին՝ մեր ետևից թափված ջրով։ Ամբողջ ճանապարհի ընթացքում նոր տեխնոլոգիաները մեզ խանգարեցին շփվել և ունենալ «ավտոբուսի պատմություն», ինչպես առաջ էր։ Իմիջիայլոց, մոռացա նշել, որ մենք բարելավեցինք մեր փոխադրամիջոցը 2 տեղով, սակայն դա էլ չօգնեց պատմություն ունենալուն։ Մեր հիմնական կազմից 2-ը պակասում էին. նրանք մեզ միացան մեկ օր հետո։ Ճանապարհին շատ չկանգնեցինք, ընդամենը 1-2 անգամ։ Ճանապարհը լավ անցավ։ Եվ մենք վերջապես հասանք Թիֆլիս։

Ամեն ինչ շատ լավ էր․ մենք անհամբեր սպասում էինք վրացիների հետ ծանոթությանը, քանի որ դրանից հետո միայն նրանք մեզ կտանեին «Mcdonald»։ Դպրոցում մեզ դիմավորեց հյուրընկալ դասարանը։ Մենք բաշխվեցինք տներով։ Այդ երեկոն, ինչպես մտածել էին ուսուցիչները, տրամադրվում էր հանգստի, և ամեն մեկը անում էր այն, ինչ ուզում էր։

Հաջորդ օրը մեզ սպասվում էր շատ ծանրաբեռնված ծրագիր։ Դասերը սկսվում էին ժամը 9։00-ին, ոմանք պետք է շուտ արթնանային, քանի որ ապրում էին շատ հեռու, իսկ ոմանք էլ զանգը հնչելուն պես էին տանից դուրս գալիս։ Ամեն օր մենք 2 ժամ անցկացնում էինք մեծ լսարանում, որտեղ շփվում, ծանոթանում և կիսվում էինք գիտելիքներով։ Դրանից հետո նախաճաշում էինք (խաչապուրիի բազմազանություն), իսկ հետո անցնում լուրջ աշխատանքների։

Մենք առաջին օրը կիսվել էինք խմբերի՝ լինոգրաֆիա, պատի վրա նկարչություն, բրդով աշխատանք և պղնձով աշխատանք։ Երկրորդ օրը, երբ մենք եկանք դպրոց, մերոնցից մի քանիսը սկսեցին պատմել իրենց առաջին օրվա սխրագործություններից, սկսեցին ասել, թե ինչքան են ծախսել առաջին օրը։ Մեր համար դա շատ տարօրինակ էր, քանի որ մենք չէինք մտածում, որ նրանք այդքան անխելք են։ Ճիշտ է, ոմանք այդպես ել մտածում էին և վերջում սխալ դուրս եկան, քանի որ նրանք ոչ թե ծախսել էին այլ նրանց պարզապես առաջին օրով թալանել էին։ Դա մեզ համար առատաձեռն հյուրնկալության նշան էր։ Դրան հաջորդող օրերին մենք գնացինք տարբեր տեսարժան վայրեր, որոնցից էին՝ Բեթանիան, Հավլաբարը, Մծխետան, հայ արվեստագետների պանթեոնը և այլն։ Իսկ երեկոները մենք ազատ էինք և անում էինք այն, ինչ ուզում էինք,սակայն մինչև ժամը 24։00։ Ժամանակը անցնում էր շատ արագ, մենք շատ մտերմացանք այնտեղի դասարանի հետ։ Նրանք լսում էին այն, ինչ մենք, մենք շատ ընդհանուր բաներ ունեինք։ Իսկ եկեղեցիներում նրանք իրենց այնպես էին պահում, որ մեզ թվում էր՝ իրենք են առաջինը քրիստոնեություն ընդունել։ Մենք դարձանք լավ ընկերներ, ճիշտ է շատ բաներ կան, որ մենք իրենց հետ համաձայն չէինք։ Մի օր նրանք ցույց տվեցին մեզ իրենց ներկայացումը։ Մեզ այն դուր եկավ։ Հաջորդ օրը մենք երգեցինք և պարեցինք իրենց համար: Ճիշտն ասած, այնքան էլ լավ չստացվեց, բայց մենք չընկճվեցինք, հետո միասնական ուժով երգեցինք Ramstein«ohne dich»։ Այ դա շատ լավ ստացվեց։

Վրաստանում նաև մենք նշեցինք Նանեի և Անիի ծննդյան տարեդարձները։ Շատ լավ անցավ։ Մենք բոլորով հավաքվել էինք դպրոցում և տոնում էինք, իսկ տոնելու համար հարկավոր էր խմիչք, որով կշնորհավորեինք հոբելյարներին, և հենց այդ պատճառով, «չցանկանալով», գնեցինք խմիչք, որով և մեր թանկագին Վիկտորը փորձում էր փախուստ կատարել դպրոցից։ Եվ ի դժբախտություն իրեն՝ ես՝ Ադրիանաս, այդ ժամանակ մոտակայքում էի, և ես խիզախաբար ետ քաշեցի նրան։

Մեզ Թիֆլիս մտնելուն պես շատ ուրախացրեց, որ կար համընդհանուր WIFI, որը կոչվում էր «tbilissi loves you»։

10։30-ին շարժվեցինք դեպի Երևան։ Հրաժեշտի պահը շատ լավ անցավ, քանի որ մենք գիտեինք, որ նրանց հյուրնկալելու ենք մեզ մոտ՝ Երևանում։
Մենք շատ գոհ էինք, նրանք շատ հյուրնկալ էին՝ չհաշված միքանի կերակուրի հետ կապված հարցերի:

Մեր կարծիքով 3-րդ անգամ ևս այս պրոյեկտը ստացվեց։ Իսկ հիմա մենք անհամբեր սպասում ենք իրենց այցին՝ մտադրված ցուցադրել իրական հյուրնկալության արվեստը։

Ադրիանա Մարության, 2014թ․ 11րդ դասարան

Բարեկենդան 2014

Published on: 09.04.2014
Categories: Uncategorized
Comments: No Comments

Հին, բարի ավանդույթի համաձայն փետրվարի վերջին շաբաթը «Արեգնազան» կրթահամալիրում չափազանց գրավիչ է անցնում: Այդ գրավիչ անկարգությունը կոչվում է «Բարեկենդան»:

Ուսումնական գործընթացն առանձնապես չխաթարելու համար ամեն ջանք ներդնելով հանդերձ՝ ուսուցիչներն ու աշակերտները, ինչպես կարողանում, իրենց մասնակցությունն են բերում տոնին: Այս տարվա տոնակատարությունն ամենականոնավորն ու կազմակերպվածն էր դպրոցի ամբողջ գոյության ընթացքում: Աշակերտները, կարգապահությունը պահպանելով հանդերձ, փոխանակում էին դասարանները, խառնում դասացուցակը, դպրոցի միջանցքներում պարահանդեսներ ու փոքրիկ ներկայացումներ էին կազմակերպում: Ուսուցիչները շփոթում էին դասերն ու դասարանները:

Շրջանավարտները ներկայացրին իրենց՝ աղմուկ հանած «Կիկոս» մինի-ներկայացումը:
Միջին դպրոցի աշակերտներն այս տարի գերազանցեցին բոլոր ակնկալիքները, համարյա ամբողջ կազմով դարձան եգիպտական աստվածներ, աբեղաներ ու հմայեցին Ջաննի Ռոդարիի երկերի բեմականացմամբ:

 

Եռօրյա կազմակերպված խուլիգանություններից հետո դպրոցը փակվեց, ու ավագ դասարանների սաները ձեռնամուխ եղան դիմակահանդեսի նախապատրաստությանը: Այս տարվա թեման մռայլ Միջնադարն էր: Մի օրվա ընթացքում, համեստ հնարավորությունների սահմաններում, նրանք դպրոցը վերածեցին միջնադարյան դղյակի:

12-րդ դասարանի աղջիկները ստանձնել էին դիմակահանդեսի նախապատրաստությունը: Յուրաքանչյուր ուսուցիչ հատուկ իր համար մտածված, երեխաների ձեռքով պատրաստված հրավիրատոմս ստացավ, որոնք հայտնվեցին կիսավերարկուների գրպաններում, դասարանների դռների տակ, անծանոթ անձինք մինչև իսկ տուն առաքեցին:

Եվ չնայած, ցավոք, ոչ բոլոր հրապուրիչ ծրագրերը հաջողվեց իրականացնել, դիմակահանդեսն ավարտվեց ընտանեկան մտերմիկ մթնոլորտում: Բարձր դասարանների աշակերտները ցուցադրեցին իրենց ունակությունները, ինչպես նաև բարձերով կռվելու մարտավարությունն ու ռազմավարությունը: Ուսուցիչներն ու աշակերտները ներկաներին զվարճացրեցին գուշակություններով, կյանքի համար վտանգավոր քիմիական փորձերով: Յոթերորղ դասարանի դասասենյակում կարելի էր առնչվել միջնադարյան երաժշտությանը, երկրորդ դասարանի դասասենյակում՝ անցնել վտանգավոր լաբիրինթոսով: Այս ամենին հաջորդեցին ուրախ երգն ու պարը:

Դիմակահանդեսի ավարտն ու բարձրակետը, ինչ խոսք, «The Windrose» նվագախմբի ելույթն էր: Ճոխ հյուրասիրությունն իրենց ուժերով կազմակերպել էին 9-րդ դասարանի աշակերտներն ու ծնողները: 12-րդ դասարանցիները թերմոն էին պատրաստել: Պարոն Հովհաննեսը միջնադարյան դղյակը պաշտպանում էր արտաքին մութ ուժերից:

Սեպտեմբերի 1․ 2013թ

Published on: 02.09.2013
Categories: Uncategorized
Comments: No Comments

2013 թ. սեպտեմբերի 1. դպրոցի աշխատանքի սկիզբը Խորհրդային Միության ժամանակներից հերթական անգամ ցույց տվեց, որ «Արեգնազան» կրթահամալիրը արդեն բավականաչափ արմատավորված է հայկական միջավայրում, ունի իր «էլեկտորատը» և կարիք չի զգում արտաքին գովազդի մեկ կամ նույնիսկ երկու առաջին դասարան (տարածք ունենալու դեպքում) բացելու համար:

Մենք շնորհավորում ենք բոլոր երեխաներին, ծնողներին և դպրոցի կոլեգիային նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

page 9 of 14
September 2017
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930